12 մայիսի 2025 - 16:07 AMT
Չախոյան. Ստերով փորձում են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնել

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ստերով փորձում են իրեն ՌԴ-ի գործակալ ներկայացնել։

«Այ սենց՝ ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում՝ իրականությունը ստով քողարկելով։

Այս իշխանությունը տեղեկատվական հիբրիդային պատերազմ է սկսել՝ գործի դնելով ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին, որը, լինելով ԱԺ պատգամավոր, սուտ է տարածում՝ պետական մակարդակով։

Տեսնում եք չէ՝ ինչպես են հանրությանը մոլորեցնում բացահայտ ստերով, միայն թե Նիկոլ Փաշինյանի իշխանության թալանի աթոռը պահեն։ Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը՝ այդ աթոռին մնալու համար։

Ամենացավալին այն է, որ այս ստերն արժանահավատ դարձնելու համար օգտագործում են պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների՝ որպեսզի հանրության ականջին այդ սուտը հնչի որպես արժանահավատ տեղեկատվություն։ Որպեսզի հասարակ քաղաքացին իրականությունը չտեսնի։

Խնդրում եմ, ասեք՝ ինչպես կարելի է պայքարել այս անարդարության դեմ, եթե այս իշխանության ստերը հաղթում են ճշմարտությանը»,–ասվում է գրառման մեջ։

Արմեն Խաչատրյանն ասել է, որ լավ կլիներ, որ բլոգերն ավելի օբյեկտիվ լիներ և ասեր, որ մանկապարտեզում կատարված աշխատանքները հենց նշված խնդիրների պատճառով չեն ընդունվել քաղաքապետարանի կողմից, և դրանով մղել ժողովրդին կառավարության դեմ։ Նա նաև ասել է, թե Նոր Նորքի թաղապետը չի ընդունել, որ իր ձայնագրությունն է, որտեղ նա հայհոյում է, թեև վերջինս հաստատել է դա։