Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ՝ ներկայացնելով Սենատն ու Ներկայացուցիչների պալատը, հանդես են եկել համերաշխության ուղերձներով՝ ուղղված ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ ամերիկահայ համայնքին։
Նրանք հանդես են եկել հրապարակային հայտարարություններով, մասնակցել են համայնքային հանդիպումներին և սոցիալական հարթակներում հանդես եկել գրառումներով։
Օրենսդիրներն արտահայտել են իրենց շարունակական աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու արդարության վերականգնման գործընթացին։ Միաժամանակ, նրանք անդրադարձել են Արցախի դեմ իրականացված էթնիկ զտումներին՝ պահանջելով Ադրբեջանից պատասխանատվություն, ինչպես նաև շեշտել են հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
ԱՄՆ մայրաքաղաքից մինչև տարբեր նահանգներում գործող համայնքներ, տասնյակ կոնգրեսականներ իրենց ձայնն են բարձրացրել ի հիշատակ մեկուկես միլիոն ցեղասպանության զոհերի։ Այս նախաձեռնությունները ծառայել են որպես հստակ հակազդում Թուրքիայի և Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանն ու ագրեսիային։ Միևնույն ժամանակ, կոնգրեսականները հստակ կողմնորոշում են ցուցաբերել՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ և ամրապնդել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները։
«Կոնգրեսի անդամները ցուցաբերել են բացառիկ առաջնորդություն՝ ինչպես Հայոց ցեղասպանության հիշատակը ոգեկոչելու, այնպես էլ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանական էթնիկ զտումների համար պատասխանատվություն պահանջելու հարցերում,» - հայտարարել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
«Նրանց սկզբունքային դիրքորոշումը զորացնում է ցեղասպանության կանխարգելման գործը, խթանում է կոնկրետ քաղաքական քայլեր Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ և հզոր օրինակ է ծառայում ապագա սերունդների համար։ Այսօր մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ է Կոնգրեսի այս առաջնորդությունը, հատկապես երբ Սպիտակ տունը հետ է կանգնում այս հանցագործության պատշաճ ճանաչումից»,–հավելել է նա։
Շատ կոնգրեսականներ իրենց բացասական կարծիքն են հայտնել այն կապակցությամբ, որ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատշաճ ձևով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Միևնույն ժամանակ, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը՝ աջակցելով այն օրենսդրական նախաձեռնություններին, որոնք ուղղված են ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ռազմական աջակցության դադարեցմանը, ԱՄՆ-Հայաստան անվտանգության համագործակցության խորացմանը, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ պատասխանատվության պահանջին՝ Հայոց ցեղասպանության ժխտողականության համար։
Ամերիկահայ հանրության անդամներին հորդորվել է այցելել anca.org/action կայք՝ ուղարկելու նամակներ իրենց ընտրված ներկայացուցիչներին, նրանցից պահանջելով շարունակել աջակցությունը Հայաստանին և Արցախին՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գործողությունների դիմաց։
Վերջին օրերին Վաշինգտոնում տեղակայված Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գրասենյակի ներկայացուցիչները շրջել են մի շարք նահանգներում՝ հանդիպումներ ունենալով թե՛ տեղական հայ համայնքների, և թե՛ այդ շրջաններից ընտրված օրենսդիրների հետ։ Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում ներկայացվել են հանձնախմբի առաջնահերթությունները և կոնկրետ գործնական քայլերի անհրաժեշտությունը։
Որպես առաջնահերթություն առանձնացվել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ հոդվածի ակտիվ կիրառումը՝ միտված ամբողջությամբ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը։ Բացի դրանից, ընդգծվել է անհրաժեշտությունը Ալիևի վարչակարգին ուղղված ռազմական աջակցությունը դադարեցնելու և «Մագնիցկու» օրենքի շրջանակում պատժամիջոցներ կիրառելու՝ այն ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ։
Հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով ձեռնարկել դիվանագիտական միջոցառումներ՝ ապահովելու արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքի իրագործումը։ ԱՄՆ կառավարությունից պահանջվել է, որ Թուրքիան դադարեցնի Հայոց ցեղասպանության ժխտողականությունը և անհապաղ քայլեր ձեռնարկի Երուսաղեմի հայկական քրիստոնեական թաղամասի պաշտպանության ուղղությամբ։
Բոլոր այս պահանջներում ընդգծվել է ԱՄՆ-ի համար անթույլատրելի լինելը ցեղասպանության ժխտման գործընթացում մեղսակից դառնալու հարցում։ Հանձնախումբը նաև պահանջել է անհապաղ դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային և Ադրբեջանին և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ առանց որևէ նախապայմանի ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին։