Մելանոմայի դեմ պայքարի ամսվա շրջանակում հանրապետությունում անվճար հետազոտության հնարավորություն կլինի։ Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և վեներոլոգիայի գծով խորհրդատու Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ առաջիկայում մասնագիտական շրջիկ խմբերը կայցելեն մարզեր, հայտնում է Արմենպրեսը։
«Հորդորում եմ բոլոր քաղաքացիներին իրենց մարզային բուժհաստատություններում տեղեկանալ, թե մեր մասնագիտական խմբերը երբ են լինելու տեղում ու անպայման դիմեն հետազոտության համար։ Մենք պատրաստ ենք ընդունել այնքան բուժառու, որքան կդիմեն։ Ուզում եմ ընդգծել, որ մելանոման մաշկի ուռուցքային հիվանդություններից ամենագրեսիվն է։ Շատ դեպքերում այն մաշկի վրա լինում է փոքր, տեսանելի ախտանշաններ չի ունենում, սակայն կարողանում է ամբողջ օրգանիզմը ախտահարել։ Դրա համար խիստ անհրաժեշտ է պարբերաբար հետազոտվելը»,-ասել է Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է, որ հետազոտությունն անցավ է և չի ներառում բարդ գործընթացներ։
ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը տեղեկացրել է, որ տարեկան արձանագրվում է 60-70 մելանոմայի դեպք, սակայն իրական պատկերը կարող է զգալիորեն տարբեր լինել։
«Սա ռեալ թիվ չէ, այն թերի վիճակագրություն է, որովհետև բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ դիմում են տարբեր տեսակի կոսմետոլոգիական կենտրոններ, իբր այրում են խալերը, արդյունքում բացթողումները շատ են լինում և մելանոմայի դեպքերը չենք կարողանում ընդգրկել ուռուցքաբանի, մաշկաբանի հսկողության տակ։ Դրանով պայմանավորված բաց են մնում դեպքերը»,-ասել է նա։
Բուժման մասին խոսելիս նա ընդգծել է, որ եթե մելանոման հայտնաբերվում է վաղ՝ առաջին փուլում, ապա լիարժեք բուժման հավանականությունը գերազանցում է 95 տոկոսը։
«Խոսքը լիարժեք բուժման հավանականության մասին է։ Երբ հիվանդությունը հայտնաբերվում է 4-րդ փուլում, ապա 5 տարվա ապրելիության ցուցանիշն իջնում է 20 տոկոսի։ Այստեղ կցանկանամ նշել, որ բուժառուների մոտ մելանոման, ցավոք սրտի, հայտնաբերվում է վերջին փուլերում։ Հետևաբար շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հետևողական լինեն ու պարբերաբար ստուգվեն, մանավանդ, որ անվճար հետազոտվելու հնարավորություն կա»,-ասել է Գեոկչյանը։
Կանխարգելիչ քայլերի մասին մասնագետները հիշեցրել են, որ բացի պարբերական բժշկական ստուգումներից, անհրաժեշտ է ամեն օր օգտագործել արևապաշտպան քսուք, որը պետք է կիրառել արևի տակ դուրս գալուց 40 րոպե առաջ։ Խորհուրդ է տրվել նաև խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ուշադիր հետևել խալերի հնարավոր փոփոխություններին։