«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ներկայացնելով շրջանառության մեջ դրված օրենսդրական փոփոխությունների իր նախագիծը, հայտարարել է, որ կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն կունենան նաև 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։
Նա նշել է, որ նախագծով, 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները ևս հնարավորություն կունենան վճարել 20 մլն դրամ և ծառայել միայն 1 ամիս, հայտնում է Sputnik Արմենիան։
Պատգամավորը հիշեցրել է, որ ներկայում նման հնարավորությունից կարողանում են օգտվել միայն 27 տարին լրացած քաղաքացիները կամ զինծառայությունից խուսափած անձինք։
«Այժմ ժամկետային զինծառայողները կունենան ընտրության հնարավորություն` ծառայել և ստանալ բարձր դրամական ապահովություն, ծառայել 6 ամիս և ՀՀ պետական բյուջե վճարել 15 մլն դրամ, ինչպես նաև ծառայել մեկ ամիս և ՀՀ պետական բյուջե վճարել 20 մլն դրամ»,– տեղեկացրել է Սարգսյանը։
Պատգամավորը հավելել է, որ այս նախաձեռնության նպատակն է խթանել արական սեռի ներկայացուցիչներին՝ ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն մինչև զորակոչի տարիքին հասնելը՝ հնարավորություն տալով անցնել կրճատված ժամկետով ծառայություն կամ վճարել սահմանված գումարը պետբյուջե։
«Սա վերաբերում է ազգությամբ հայերին, որոնք ՀՀ քաղաքացի չեն ու ծնվել են հիմնականում Վրաստանում, ԱՄՆ–ում»,– վստահեցրել է պատգամավորը։
Սարգսյանը ընդգծել է, որ պետբյուջե փոխանցված այս գումարները կուղղվեն բանակի կարիքների ապահովմանը։
Հայկ Սարգսյանը նաև ասել է, որ վերջին 20 տարիների տվյալներով զորակոչի ենթակա քաղաքացիներից ծառայության է անցնում միայն 30-40 տոկոսը, հայտնում է Արմենպրեսը։
«Ծառայության ժամկետի երկար տևողությունը, տարածաշրջանային անվտանգության իրավիճակն ու մի շարք այլ հանգամանքներ պատճառ են դարձել, որ զգալի թվով քաղաքացիներ շրջանցեն պարտադիր ծառայության պահանջը։ Միայն 2020-2024 թվականների ընթացքում, օրինակ, 8721 տղամարդ ՀՀ քաղաքացի, դեռ չհասնելով 18 տարեկանին, հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Մյուսները մեկնել են Հայաստանի Հանրապետությունից բուժման, ուսման կամ այլ նպատակներով և մինչև 27 կամ 37 տարեկանի լրանալը չեն վերադարձել։ Նշեմ, որ 37 տարեկանը այն սահմանն է, երբ վաղեմության ժամկետը լրացած է համարվում։ 2010-2024 թվականներին ՀՀ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով՝ զորակոչից խուսափելու դեպքերին առնչվող մոտ 2500 քրեական գործ հենց վաղեմության հիմքով դադարեցվել է»,– ասել է Սարգսյանը։
Պատգամավորի փոխանցմամբ՝ պարտադիր զինծառայությունից ազատման կամ տարեկետում ստանալու դեպքերի գերակշիռ մասը՝ ավելի քան 80 տոկոսը, հիմնավորված են եղել առողջական խնդիրների վերաբերյալ ներկայացված համապատասխան փաստաթղթերով։
2023 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովն ընդունել է Հայկ Սարգսյանի հեղինակած մեկ այլ նախագիծ՝ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ։ Այդ փոփոխություններով 27 տարին լրացած և պարտադիր զինծառայությունը չանցած անձինք կարողացել են խուսափել քրեական հետապնդումից՝ ընտրելով ծառայության հինգ սահմանված ձևաչափերից մեկը։