Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանն Ազգային ժողովում, անդրադառնալով ոստիկանության բաժանմունքում արցախցի Տիգրան Ուլուբաբյանի խոշատնգման մասին հարցին, հայտարարել է, որ այս գործով ոստիկանների նկատմամբ քրեական հետախպնդման հիմքեր առկա չեն։
Նա այդպես է պատասխանել «Հայաստան» խմբակցության ղեկավար Գառնիկ Դանիելյանի հարցին, հայտնում է «Փաստինֆոն»։
«Անհետաձգելի գործողություները կատարվել են, ոստիկանների ինքնությունը պարզված է, առերեսումները կատարվել են մասնակի, դրանց արդյունքում հակասություններ կան։ Ամեն մեկն իր ցուցմունքն է պնդում, ու քանի որ դատաբժշկական փորձաքննություն էինք նշանակել ու բժշկական փաստաթղթերը վերցրեցինք, փաստացի ստացվում է, որ անձի վրա մարմնական վնասվածնքեր դատաբժիշկը չի արձանագրել, բժշկական փաստաթղթերում արձանագրած վնասվածքներ չեն ֆիքսվել։ Հիմա այլ փորձաքննություններ ենք նշանակել, սպասում ենք դրանց արդյունքներին։ Ճիշտ է, դեպքը հնչեղություն է ստացել, բայց ոստիկանների նկատմամբ քրեական հետախպնդման հիմքեր առկա չեն, գոնե նվազագույն շեմն հաղթահարված չէ»,– ասԵԼ Է Պողոսյանը։
Ի պատասխան՝ Գառնիկ Դանիելյանն առարկել է, թե ինչու տեսանյութեր առկա չեն, կրիչները չկան։
«Այսինքն, վերցնում եք ձեզ համար մի թեզ ու հարցաքննության ժամանակ ոստիկանների ասածն եք հիմք ընդունում և վերջ»,–ասել է նա։
Ավելի վաղ Ազգային ժողովում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էր անդրադարձել ոստիկանների կողմից արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի ենթադրյալ խոշտանգման վերաբերյալ շրջանառվող պնդումներին՝ նշելով, որ առկա դատաբժշկական և բժշկական տվյալները չեն համապատասխանում նման ծեծի նկարագրությանը։ Նա հավելել էր, որ եթե 8 հոգով ինտենսիվ ծեծել են նրան, ապա թե՛ դատաբժշկական փորձաքննությամբ, թե՛ հիվանդանոցում պետք է տրվեր ավելի բարդ նկարագրություն: