«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որի նպատակն է ավելացնել զորակոչվողների թիվը, բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, կանխել արտագաղթը, կրճատել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը և ներդնել զորակոչից խուսափման դեմ կանխարգելող մեխանիզմներ, ինչպես նաև քրեականացնել ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերը։ Այս մասին Սարգսյանը հայտնել է ասուլիսի ժամանակ։
Սարգսյանը նշել է, որ ներկայացվող փոփոխություններից մի մասը ունեն խստացնող բնույթ, իսկ մյուսները՝ խրախուսող։ Առաջարկվում է, որ մինչև 18 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիները քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում վճարեն 15 միլիոն դրամի չափով բազային տուրք, հայտնում է Panorama.am-ը։
Նրա խոսքով՝ 2020-2024 թթ․ արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Բացի այդ, որոշ քաղաքացիներ դուրս են եկել ՀՀ–ից՝ ուսման, բուժման կամ այլ նպատակներով և չեն վերադարձել մինչև 27 կամ 37 տարեկանի լրանալը։ Նա պարզաբանել է, որ 37 տարին այն տարիքային սահմանն է, երբ ուժի մեջ է մտնում վաղեմության ժամկետը։
Սարգսյանը նշել է, որ ներկայացվող փոփոխություններով նաև առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը բարձրացնել՝ 27-ից դարձնելով 37։
Նախագծի համաձայն՝ ժամկետային զինծառայողներին կտրամադրվի ընտրության 3 տարբերակ՝ ծառայել 24 ամիս և ստանալ պետության կողմից բարձր ֆինանսական ապահովում, ծառայել 6 ամիս և վճարել պետբյուջե 15 միլիոն դրամ կամ ծառայել 1 ամիս և վճարել 20 միլիոն դրամ։
Սարգսյանը նաև ասել է, որ վերջին 20 տարիների տվյալներով զորակոչի ենթակա քաղաքացիներից ծառայության է անցնում միայն 30-40 տոկոսը:
2023 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովն ընդունել է Հայկ Սարգսյանի հեղինակած մեկ այլ նախագիծ՝ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ։ Այդ փոփոխություններով 27 տարին լրացած և պարտադիր զինծառայությունը չանցած անձինք կարողացել են խուսափել քրեական հետապնդումից՝ ընտրելով ծառայության հինգ սահմանված ձևաչափերից մեկը։