Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել է, որ սոցցանցերում տարածվել է ջրծաղիկի դեմ պատվաստանյութի վերաբերյալ ապատեղեկատվություն, ինչը կարող է անհիմն մտահոգություններ առաջացնել հանրության շրջանում։
Նշվում է, որ ներկայում Հայաստանում հասանելի են երկու տարբեր արտադրողների կողմից թողարկված ջրծաղիկի պատվաստանյութ։
«Մեկը Վարիցելլա (VARICELL VACCINE) անվամբ՝ չինական Սինովակ (SINOVAC) ընկերության կողմից արտադրված պատվաստանյութն է, որի կիրառման հրամանը հաստատվել է 30.01.2025 թվականին, մյուսը՝ Բարիցելա (BARYCELA) անվամբ՝ կորեական GC Biopharma ընկերության կողմից է արտադրված, որի կիրառման հրամանը հաստատվել է 07.05.2025 թվականին։
Օգտատերն իր նյութում տեղադրել է Բարիցելա (BARYCELA) անվամբ պատվաստանյութի հրամանը, իսկ նկարում Վարիցելլա (VARICELL VACCINE) անվամբ պատվաստանյութի տուփը:
Առողջապահության նախարարությունը հորդորում է չճշտված տեղեկատվություն չտարածել և ոչ հավաստի տեղեկատվության պատճառով բնակչության շրջանում անհիմն մտահոգությունների տեղիք չտալ»,– ասված է հաղորդագրության մեջ։