ԵԱԶԲ-ն Հայաստանում սպառողական գների աճը կանխատեսվում է 3 տոկոսի շրջանակում: Այդ մասին ասվում է բանկի կողմից հրապարակված շաբաթական մակրոտնտեսական տեսության մեջ։
Նշվում է նաև, որ մարտ ամսվա ընթացքում գրանցված 3․3 տոկոս գնաճից հետո ապրիլին ցուցանիշը կազմել է 3․2 տոկոս։ Գների բարձրացման տեմպի որոշակի դանդաղումը պայմանավորված է սննդամթերքի ոլորտում արձանագրված փոփոխություններով՝ ապրիլին 5․2 տոկոս աճ մարտի 5․4 տոկոսի փոխարեն, ծառայությունների ոլորտում՝ 2․7 տոկոս ապրիլին ընդդեմ մարտի 2․9 տոկոսի, ինչպես նաև ոչ պարենային ապրանքների գների անփոփոխ մակարդակով՝ ինչպես մարտին, ապրիլին էլ պահպանվել է 0․5 տոկոս անկում, հայտնում է Sputnik Արմենիան։
«Ակնկալում ենք սպառողական գների աճի պահպանում թիրախային ցուցանիշի սահմաններում (3±1%)», – ասված է բանկի հաղորդագրության մեջ։
Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպություն, որը իրականացնում է ներդրումային ծրագրեր եվրասիական տարածաշրջանում։ Կառույցի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը, իսկ վերջին միացող երկիրը Ուզբեկստանն է։