Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի 1-ի գործն իր ուշադրության կենտրոնում է։ Նա այդ մասին հայտարարել է Ազգային ժողովում։
«Այս պահին Քննչական կոմիտեի հետ համատեղ քննչական խումբ է ստեղծվել, ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում այդ գործով»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նահապետյանն ընդգծել է, որ գործի շրջանակում ապահովվելու է լիարժեք ու անկողմնակալ քննություն։
«Սակայն խոստում ու հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ, եթե ունենանք համապատասխան արդյունքներ, հանրությունը և դուք կտեղեկացվեք»,- պատասխանել է նա՝ արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին։
2018-ից հետո Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին Մարտի 1–ի իրադարձությունների առնչությամբ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել։ Նրանց փաստաբանները, սակայն, շարունակաբար պնդում էին, որ այդ հոդվածը հակասահմանադրական է։ Նույնը եզրահանգել էր Սահմանադրական դատարանը, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրել էր ամբաստանյալներին:Վճռաբեկ դատարանն արդարացման որոշումը բեկանել է, գործն՝ ուղարկել հակակոռուպցիոն դատարան` նոր քննության: