2025 թվականի մայիսի 5-ին Վիեննայում ԵԱՀԿ մարդու իրավունքների հարցերին նվիրված համաժողովի շրջանակում անցկացվել է քննարկում՝ նվիրված «Ինչպես է մարդու իրավունքների բացակայությունը ազդում Ադրբեջանի դատական համակարգի վրա» թեմային։ Այս միջոցառման կազմակերպմանը մասնակցել են «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» և Միջազգային իրավաբանների ասոցիացիան՝ համագործակցելով «Մարդու իրավունքների և արդարադատության հայկական կենտրոնի», «Արցախ միություն» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ների հետ։
Քննարկմանը միավորվել են առաջատար միջազգային իրավաբաններ՝ լուսաբանելու Ադրբեջանի տարածքում մարդու իրավունքների շարունակական խախտումները և դրա հետևանքով դատական համակարգի և օրենքի գերակայության թուլացումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել պրոֆեսիոնալ փաստաբանների դեմ կիրառվող ճնշման մեթոդներին, դատական համակարգը որպես հալածանքի գործիք օգտագործելու դեպքերին և էթնիկ հայ բանտարկյալների նպատակային հետապնդման փաստերին,հայտնում է «Առավոտը»։
Միջազգային իրավաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտի ներկայացուցիչ Էյն Մակդոնալդը հանդես է եկել բացման խոսքով՝ ներկայացնելով Ադրբեջանի դատական համակարգի խորացող ճգնաժամը։ Նա իր խոսքում մտահոգություն է հայտնել՝ կապված գործադիր իշխանության անհիմն ազդեցության և դատական գործընթացների հանդեպ նպատակային միջամտությունների հետ, որոնք խոչընդոտում են դատարաններին լիարժեքորեն կատարել իրենց սահմանադրական գործառույթները։
«Ադրբեջանի այս ճնշող գործելակերպը տարածվել է՝ թիրախավորելով ոչ միայն մարդու իրավունքների պաշտպաններին, այլև քաղաքականապես զգայուն գործեր պաշտպանող փաստաբաններին»,– նշել է Մակդոնալդը։
Նա առանձնացրել է Ադրբեջանի տարածքում քաղաքական հիմքերով և կեղծ մեղադրանքներով դատապարտված էթնիկ հայերի իրավիճակը՝ շեշտելով, որ վախի և ահաբեկման մթնոլորտը այս մարդկանց զրկել է արդար դատավարության անբաժան մաս կազմող իրավական պատշաճ ներկայացուցչությունից։
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավարն Սիրանուշ Սահակյանն իր ելույթում անդրադարձել է այն իրավիճակին, երբ Ադրբեջանում արդարադատությունը դարձել է դատական համակարգի համար երկրորդական նպատակ։ Նա նշել է, որ «հետևողականորեն մերժվել է պաշտպանյալների հետ իր հանդիպումը, որը խոչընդոտել է պաշտպանության կազմակերպմանը», և ներկայացրել է այն փաստերը, ըստ որոնց Ադրբեջանում տարածված է պետական աջակցությամբ իրականացվող ինստիտուցիոնալ հայատյացությունը։
Սահակյանը ընդգծել է, որ մի շարք հայ կալանավորներ ենթարկվել են դաժան վերաբերմունքի՝ նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց կողքին եղել են պետության կողմից նշանակված փաստաբանները, կամ էլ նրանց մեղսակցությամբ։ Իրավապաշտպանը նախազգուշացրել է, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը՝ նշելով, որ գործերով զբաղվող դատավորներից մի քանիսը նախկինում արդեն իսկ աչքի են ընկել քաղաքական դրդապատճառներով կայացրած վճիռներով, ինչը լուրջ կասկածներ է առաջացրել նրանց անկախության և անաչառության վերաբերյալ։
Ֆիլիպ Քալֆայանը, ով նույնպես ներկայացրել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ը, իր խոսքում մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ իրականացվող համակարգված ճնշումներին։ Նա հղում է կատարել Եվրոպական դատարանի վճիռներին, որոնք հաստատում են այդ հալածանքների քաղաքական բնույթը։ Քալֆայանը նշել է, որ ներկայում անհնար է ապահովել անկողմնակալ իրավաբանական պաշտպանություն հայ կալանավորների համար, քանի որ «ադրբեջանցի փաստաբաններն անկեղծորեն խոստովանում են, որ դատավարության ելքը նախապես որոշված է իշխանությունների կողմից»։ Նա ԵԱՀԿ անդամ պետություններին հորդորել է ակտիվացնել Մոսկվայի մեխանիզմի կիրառումը՝ հատկապես Ադրբեջանի տարածքում էթնիկ հայերի իրավունքների խախտումների հանգամանքները պատշաճ կերպով հետաքննելու համար։
Քննարկումը վարել է Աննա Մելիքյանը։ Նա ուշադրություն է հրավիրել երկրում աճող ավտորիտարիզմի վրա՝ վկայակոչելով Amnesty International, Human Rights Watch, Freedom House և ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի տվյալները։ Մելիքյանը մատնանշել է 2024 թվականի նոյեմբերից սկսած ճնշումների ուժգնացումը՝ ընդգծելով ինչպես հակապատերազմական ակտիվիստների ու սոցիալական մեդիայի օգտատերերի ձերբակալությունները, այնպես էլ Ադրբեջանի սահմաններից դուրս իրականացվող ճնշումների մեթոդները, որոնք ուղղված են այլախոհներին լռեցնելու նպատակին։
Միջոցառման բանախոսներն ու մասնակիցները միջազգային կառույցներին և պետություններին կոչ են արել անհապաղ և համակարգված միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանում արդարադատության, իրավական հաշվետվողականության և մարդկային արժանապատվության սկզբունքների պաշտպանության ուղղությամբ։