13 մայիսի 2025 - 16:15 AMT
Թորոսյան. Դադարեցվում է գործունեությունս Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում

Պատանի հանդիսատեսի թատրոնի արդեն նախկին տնօրեն Էմին Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մայիսի 13-ից, այլևս չի զբաղեցնում տնօրենի պաշտոնը։

«Հարգելինե՛ր, վերջին շրջանում առցանց, տպագիր, սոցիալական տեղեկատվական տարբեր միջոցներով Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի և իմ պաշտոնավարության հարցի հետ կապված շատ անդրադարձեր եղան: Պարտավորված եմ զգում տեղեկացնել բոլոր սրտացավ մարդկանց:

Երևանի քաղաքապետարանից ստացած որոշումն առ այն, որ այսօրվանից՝ 2025 թվականի մայիսի 13-ից, հիմք ընդունելով մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի հիմնազուրկ զեկուցագիրն ուղղված Երևանի քաղաքապետին, աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ, դադարեցվում է գործունեությունս Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում:

Մեկնաբանություններն ավելորդ եմ համարում:

Այս պահին առավե՛լ կարևորում եմ հետևյալը:

Թատերական մասնագիտական ու թատերասեր հանրության, գործընկերներիս, իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացրած բոլոր մարդկանց շնորհակալությունս եմ հայտնում՝ աջակցության, զորակցության, գնահատականների, հոգով ամուր մնալու, եռանդը չկորցնելու և անկեղծ մաղթանքների համար:

Հավատը հույս է ներշնչում, որ կամայականության, հաճկատարության և դիլետանտիզմի փոխարեն, մեր վաղվա օրը, այնուամենայնիվ, արդարության, անկողմնակալության, պրոֆեսիոնալիզմի, մարդկային առողջ հարաբերությունների, նվիրվածության և նույնքան առողջ տրամաբանության գերակայությամբ է առաջնորդվելու»,–գրել է նա։

Նա նաև առանձնակի շնորհակալություն է հայտնել հարազատ թատրոնին, ՊՀԹ-ի նվիրյալ աշխատակազմին, գեղարվեստաստեղծագործական խմբի անդամներին, արտիստներին, բոլոր ծառայությունների աշխատակիցներին՝ համատեղ յոթնամյա ադյունավետ գործունեության համար:

«Համաշխարհային դրամատուրգիայի, համամարդկային խնդիրների հետ, առաջի՛ն հերթին կարևորեցինք ազգային անկորնչելի արժեքների փառաբանումն ու վերհանումը՝ թատրոնին հասու գեղարվեստական ու գեղագիտական միջոցներով: Շնորհակալ եմ, հարգելի, սիրելի մարդիկ»,–ասվում է գրառման մեջ։