13 մայիսի 2025 - 17:49 AMT
ՆԳՆ–ն հորդորում է չճշտված տեղեկություններ չտարածել 2-ամյա երեխայի անհետացման հետ կապված

Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հորդորել է չճշտված տեղեկություններ չտարածել Մարմարիկում 2-ամյա Տիգրան Պետրոսյանի անհետացման, նաև՝ որոնողական աշխատանքների հետ կապված:

«Կցանկանայի հասարակությանը և լրատվամիջոցներին հորդորել չճշտված տեղեկություններ չհրապարակել, ավելորդ չխաղալ մարդկանց էմոցիաների հետ: Ընտանիքը ծանր հոգեվիճակում է, ու այդ չճշտված ինֆորմացիաները որևէ կերպ չեն օգնում ո՛չ նրանց, ո՛չ էլ ստեղծված իրավիճակին»,- ասել է Սարգսյանը, որը Մարմարիկում հետևել է փրկարարների աշխատանքներին, հայտնում է Արմենպրեսը։

Խոսնակն ընդգծեել է՝ հանրության, հրապարակումների զսպվածությունը զերծ կպահի անհարկի խուճապից ու թույլ կտա, որ մարդիկ առավել սևեռվեն բուն խնդրի վրա՝ արդյունքի հասնելու նպատակով:

«Ոստիկաններն ու փրկարարներն առավոտից կրկին որոնողական աշխատանքներ են տանում գետի ամբողջ երկայնքով, նաև՝ ջրամբարի տարածքում, գյուղում և հարակից վարչական տարածքներում»,- եզրափակել է նա:

Ներքին գործերի նախարարությունը մայիսի 4-ին՝ ժամը 11:52-ին, ստացել է ահազանգ երեխայի կորելու վերաբերյալ։ Այդ պահից որոնողական աշխատանքները սկսվել են, սակայն առայժմ որևէ արդյունք չի արձանագրվել։ Ոստիկաններն ու փրկարարներն արդեն ուսումնասիրել են առաջ քաշված բոլոր վարկածները և շարունակում են դրանց ստուգումը։

Երեխայի անհետացման դեպքի առթիվ մայիսի 6-ին հարուցվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սպանություն):