13 մայիսի 2025 - 18:10 AMT
Գալյան․ Քրեակատարողական ծառայությունում արտոնյալ պետք է լինի մեկ անձ՝ ՔԿՀ ծառայողը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը մասնակցել է քրեակատարողական ծառայողների ատեստավորման գործընթացին, հայտարարել է, որ Քրեակատարողական ծառայությունում արտոնյալ կարգավիճակում պետք է լինի մեկ անձ, և այդ մեկը` քրեակատարողական ծառայողն է:

Նա նշել է, որ կառավարությունն առաջնահերթորեն նպաստում է բարձր պատրաստվածություն ցուցաբերող ծառայողների նյութական վիճակի բարելավմանը։ Ըստ նախարարի՝ ատեստավորման հաջող հանձնումը բացում է ուղիղ ճանապարհ դեպի ոչ միայն բարձր աշխատավարձ, այլև ավելի մեծ պատասխանատվություն։

«Եթե դուք որոշել եք ատեստավորում անցնել, ձեր ստանձնած բեռի ծավալը, ըստ էության, ավելանում է: Ատեստավորումը բարեհաջող անցնելուց հետո պետք է գիտակցեք, որ նոր որակի ծառայողներ եք, և ի տարբերություն մյուսների՝ ունեք առավելություն և ավելի բարձր պատասխանատվության զգացում»,–ասել է նա։

Նախարարը շեշտել է, որ ծառայության ամրապնդման հիմքը համախմբվածությունն ու մասնագիտական կարողությունների զարգացումն է։

Ատեստավորման թեստավորման փուլից առաջ ծառայողները հաջողությամբ հաղթահարել են ֆիզիկական պատրաստվածության քննությունը։