13 մայիսի 2025 - 18:29 AMT
Զելենսկին Ստամբուլում միայն Պուտինի հետ կբանակցի

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ստամբուլում բանակցել բացառապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին նա հայտնել է The Breakfast Show հաղորդման ընթացքում, հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։

Հարցին, թե արդյոք Զելենսկին կհանդիպի ռուսական կողմի այլ ներկայացուցիչների հետ, եթե Պուտինը չգա բանակցություններին, Պոդոլյակը բացասական պատասխան է տվել։

«Ոչ, իհարկե։ Դա ձևաչափ չէ։ Նախագահը չի կարող հանդիպել... առավել ևս Մեդինսկին՝ անհասկանալի կարգավիճակ կլինի։ Դժվար թե այդ մարդը բավարար լինի հիմնարար հարցեր քննարկելու համար»,–ասել է նա։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանում որոշումներ ընդունում է միայն Պուտինը։

«Այսինքն՝ պատերազմի շարունակման կամ դադարեցման որոշում կարող է ընդունել միայն Պուտինը։ Հնարավոր է՝ նրա շուրջ կա փոքր շրջանակ, որը քննարկում է, թե որքան և ում պետք է սպանել»,–ասել է նա։

Պոդոլյակի խոսքով՝ նախագահական մակարդակից ցածր բանակցությունները ձևական են և արդյունք չեն տալիս.

«Դա կրկին ժամանակի ձգձգում է։ Ինչ իմաստ ունի հանդիպում անցկացնել ցածր մակարդակով»,–հավելել է խորհրդականը։

Նա նշել է, որ եթե Պուտինը գա Ստամբուլ, Ուկրաինան պատրաստ է իրավական փոփոխություններ կատարել այն հրամանագրում, որը արգելում է բանակցությունները Ռուսաստանի նախագահի հետ։

Ավելի վաղ Պուտինը առաջարկել էր վերականգնել Ստամբուլում խաղաղ բանակցություններն այն կետից, որտեղ դրանք ընդհատվել էին 2022 թվականին։ Զելենսկին հայտնել էր իր պատրաստակամությունը՝ պայմանով, որ Ռուսաստանը կհամաձայնի հրադադարի՝ սկսած մայիսի 12-ից։ Հետագայում նա նշել էր, որ ցանկանում է անմիջական բանակցություններ վարել Պուտինի հետ։ Նաև հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մասնակցել երկու առաջնորդների միջև երկխոսությանը։

Photo. AFP