13 մայիսի 2025 - 18:36 AMT
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրերի փորձնական ծրագիր կմեկնարկի

Մայիսի 12-ին ԵԱՏՄ Էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով հանձնակատար Արզիբեկ Կոժոշովի նախագահությամբ, տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը նվիրված է եղել միջազգային թվային բեռնագրերի e-CMR կիրառման փորձնական ծրագրի մեկնարկին։

Նիստի ընթացքում քննարկվել են ծրագրի գործարկման կազմակերպչական հիմնական հարցերը, համաձայնեցվել են ժամկետներն ու իրագործման հաջորդականությունը։

Ծրագրի մեկնարկի համար ԵԱՏՄ երկրները պետք է մշակեն միասնական e-CMR ձևաչափ, լուծեն թվային տվյալների իրավական ուժի ճանաչման հարցը սահմանային ինֆորմացիոն փոխգործակցության շրջանակում և հաստատեն տեղեկատվության փոխանակման կարգը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության օպերատորների և վստահելի երրորդ կողմերի միջև։

«Մեր համատեղ աշխատանքի արդյունքներից է կախված ոչ միայն միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ իրավական ուժ ունեցող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը անցնելու արագությունը, այլև մի շարք ինտեգրացիոն ուղղությունների՝ հետագծելիության մեխանիզմի ներդրման և թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման հաջող իրականացումը», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշովը։

Նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների տրանսպորտի, թվայնացման, հարկային և մաքսային կարգավորման ոլորտների լիազորված մարմինների, ոլորտային միավորումների, գիտական կազմակերպությունների, բիզնես համայնքների, ինչպես նաև վստահելի երրորդ կողմերի և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության օպերատորների ներկայացուցիչներ։

Ծրագրի հիմնական նպատակն է՝ փորձարկել իրավական ուժ ունեցող թվային բեռնային փաստաթղթերի փոխանակման տեխնոլոգիան տարբեր երկրների սուբյեկտների միջև՝ կիրառելով թվային ստորագրություն և վստահելի երրորդ կողմերի մեխանիզմներ։

Ծրագրի իրականացումը կնպաստի բեռնային փաստաթղթերի ստացման և ստուգման գործընթացների արագացմանը, ինչպես նաև կկրճատի տրանսպորտային և վերահսկող միջոցառումների ծախսերը։