ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 13-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Հանդիպումը կայացել է Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի շրջանակում։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև բարեկամական կապերի ու արդեն ձևավորված փոխշահավետ գործընկերության խորացման նպատակով նախաձեռնվող նոր ծրագրերին։
Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը կարծիքներ են փոխանակել Եվրոպական միության և նրա անմիջական հարևանությամբ ընթացող զարգացումների վերաբերյալ։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով, որ Գործընկերության նոր օրակարգի ստորագրման գործընթացը դառնալու է կարևոր հանգրվան՝ ՀՀ-ի ու ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների ընդլայնման գործում։
Հայաստանի ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումները, որոնք ընթանում են աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։ Հարավային Կովկասում կայունության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկած քայլերը։
Նա ընդգծել է Հայաստանի հաստատակամությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման հարցում։