14 մայիսի 2025 - 11:09 AMT
Գալյանը հանդիպել է ցմահ դատապարտյալներին՝ քննարկել պահման պայմանները

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հայտնում է արդարադատության նախարարությունը։

Նախարարը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալի հետ՝ լսելով նրանց կողմից ներկայացված խնդիրներն ու հուզող հարցերը։ Քննարկման ընթացքում ուշադրության կենտրոնում են գտնվել դատապարտյալների պահման պայմաններին վերաբերող մի շարք հարցադրումներ։

Սրբուհի Գալյանը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները շարունակում են գտնվել թե՛ նախարարության, թե՛ անձամբ իր մշտական ուշադրության ներքո։ Քննարկվել է նաև երկու ցմահ դատապարտյալի մասնագիտական ներուժի կիրառման հնարավորությունը՝ ծրագրավորման ոլորտում նրանց փորձն օգտագործելով՝ մյուս դատապարտյալների համար ուսումնական դասընթացներ կազմակերպելու նպատակով։

Այցի ընթացքում նախարարը նաև տեղում ծանոթացել է վերջերս վերանորոգված երկարատև տեսակցությունների սենյակներին, ինչպես նաև կարճատև հանդիպումների համար նախատեսված մանկական սենյակի պայմաններին։

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ապրիլի 3-ին ստացվել էր ահազանգ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձինք բռնություն են գործադրել ցմահ ազատազրկվածների նկատմամբ: Քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ։