14 մայիսի 2025 - 15:52 AMT
Հունաստանի դեսպանն իր երկրի աջակցությունն է հայտնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի եսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին։ Այս համատեքստում դեսպան Սոֆիանոպուլոսը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության առավել ամրապնդմանը վերաբերող այլ հարցեր՝ նախանշելով հետագա քայլերը։

Սարգսյանը, ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին, անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։

Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով համագործակցությունը ընդլայնելու առումով։

Հանդիպման ընթացքում կողմերը առարկայական քննարկել են ոստիկանական համակարգում, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է8 տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։