Ազգային ժողովում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել։ Իրավիճակը լարվել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ելույթի ժամանակ, որն ամբիոնին է մոտեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից հետո։
Քոչարյանն իր ելույթում ասել է․ «Ինչից խոսում է ընդդիմությունը` Արցախը հանձնելուց, սահմանազատման մասին, իշխանություններն ասում են` ընդդիմությունն այդ մասին խոսում է, քանի որ ունեցվածքը պահելու խնդիր ունի։ Ունեցվածքը պահելու համար կա՛մ պետք է խելոք վեր ընկնես տեղդ ու փորձես լեզու գտնել իշխանությունների հետ, կա՛մ պետք է ամեն ինչ վաճառես ու թողնես, գնաս։ Մենք ոչ մեկն ենք արել, ոչ էլ մյուսը», հայտնում է Sputnik Արմենիան։
Նա անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, երբ ընդդիմադիր պատգամավորների հետ վեճի ժամանակ, նրանց անվանել էր համբալ։
«Հաջորդ օրը նա գնաց Մոսկվա։ Նայե՞լ եք այդ տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ։ Կամ Ալեն Սիմոնյանը, որն իմ գործընկերոջն ասում է` դուրս կշպրտեմ դահլիճից… Ալեն Սիմոնյանը թող իմանա ու ուշադիր լինի` երբ իրեն դուրս շպրտեն այդտեղից (մատնացույց արեց ԱԺ ամբիոնը. խմբ.), բարձր է նստած, շատ ցավոտ է լինելու»,– եզրափակել է նա իր ելույթը։
Այս ելույթը զայրացրեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, և նա որոշեց արտահերթ ելույթ ունենալ։
«Պարոն Լևոն Քոչարյան, չափերդ ճանաչեք։ Այ տղան էլ ես դու, չափերդ էլ ճանաչի, այ տղա։ Լսի, քեզ ինչ եմ ասում, արա Լևոն, նստի տեղդ ու լսի քեզ ինչ եմ ասում։ Հանգստացի մի հատ ու դուրս արի էստեղից մի հատ»,– բղավել է Արշակյանը։
Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև քաշքշուկ ու հրմշտոց է սկսվել։ Իրավիճակը ԱԺ–ում լարվել է։ Լևոն Քոչարյանը հեռացել է նիստերի դահլիճից։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ևս խստորեն քննադատել է իշխանությունների հակակոռուպցիոն քաղաքականությունը՝ համեմատություն անցկացնելով Ադրբեջանի նախագահի հետ, հայտնում է Panorama.am-ը։
Պատգամավորը շեշտել է, որ Ալիևի իրական մտադրությունը «բռնի տեղահանվածների» հարցը լուծելը չէր, այլ այդ խնդիրը շահարկելով՝ քաղաքական նպատակների սպասարկումն է եղել։ Նրա խոսքով՝ Ալիևը այս հարցը օգտագործել է որպես ցուցադրական գործիք՝ միջազգային կառույցների պատվիրակների ներկայությամբ ճամբարներում մարդիկ ցուցադրելու և իրավիճակը դրամատիկ ներկայացնելու նպատակով։
Խաչատրյանը հավելել է, որ ադրբեջանական իշխանությունների հնչեցրած մեկ միլիոն փախստականի վերաբերյալ թիվը իրականությանը չի համապատասխանում, քանի որ «նախկինում ազատագրված տարածքներ» բնակվելու համար այժմ նույնիսկ 10 հազար մարդ չի վերադարձել։ Նրա կարծիքով, նույն մոտեցումն է դրսևորվում նաև հայաստանյան հակակոռուպցիոն պայքարում։
Նա ընդգծել է, որ իշխանությունների նպատակը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարն է կամ դրա հետևանքների վերացումը, այլ խնդրի առկայությունը ցուցադրելը՝ անտեղի ու անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար։
«Միակ ինստիտուտը որն ունի վերդիկտի, կնիքը խփելու իրավունք՝ դատարանն է։ Քանի՞ բարձրագոչ վերդիկտ կա կոռուպցիայի գործով, դուք իշխաություն լինելու 8-րդ տարվա մեջ եք»,- հայտարարել է Արթուր Խաչատրյանը։
Քննարկման ժամանակ միջամտել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ինչը նոր լարվածություն է առաջացրել դահլիճում։ Ի պատասխան՝ Արթուր Խաչատրյանը դիմել է նիստը վարող Ռուբեն Ռուբինյանին՝ պահանջելով կարգի հրավիրել ՔՊ-ական պատգամավորին։
«Կարող եմ ծափ տալ՝ պարեք... Այ քեզ երկու բան»,- Արթուր Հովհաննիսյանին ռեպլիկին արձագանքել է Արթուր Խաչատրյանը։