ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որր Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին միանալու հնարավորություն կարող են ունենալ նաև Հայաստանը և Ադրբեջանը։ Նա այդ մասին ասել է Breitbart News-ի հետ ունեցած զրույցում։
Նա նշել է, որ երկրները մոտ են հարաբերությունների կարգավորմանը։
«Ես կարծում եմ եմ, որ շուտով դա կարող ենք տեսնել Լիբանանում և, նույնիսկ, Սիրիայում։ Նրանց կողմից դրական արձագանք է եղել։ Դա կարող է տեղի ունենալ նաև Լիբիայի հետ։ Խոսքը Աբրահամի խաղաղության համաձայնագրերին երկրների միանալու մասին է։ Դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ, որտեղ, կարծում ենք, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական կարգավորմանը։ Կարծում եմ՝ երկուսն էլ կարող են միանալ Աբրահամի համաձայնագրերին»,–ասել է նա։
Ուիթքոֆը հավելել է, որ ԱՄՆ նախագահը հավատում է դրան:
«Ես իսկապես վստահ եմ, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում չորս կամ հինգ, գուցե վեց երկիր կմիանան Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին, և դա մեծ ազդանշան կլինի աշխարհին նախագահի արտաքին քաղաքական նախաձեռնությունների մասին՝ խթանելու խաղաղությունն ու կայունությունը աշխարհում»:
«Աբրահամյան համաձայնագրեր» անվանումն է ստացել դիվանագիտական կապերի հաստատումը Իսրայելի և մի շարք արաբական երկրների միջև՝ սկսած 2020 թվականից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում։ Այն սկսվել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, հետագայում՝ Սուդանի և Մարոկկոյի հետ համագործակցությամբ։ Կողմերը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ, ճանաչել միմյանց ինքնիշխանությունը և համաձայնեցրել համագործակցության ուղղությունները։ Համաձայնություններն Աբրահամյան են կոչվում, քանի որ առնչվում են 3 կրոնի՝ հուդայականության, քրիստոնեության և իսլամի հետևորդներին։
Ուիթքոֆի մեկնաբանությունները հնչել են Թրամփի ներկայիս Մերձավոր Արևելքի շրջագայության ժամանակ, որը ներառում է այցեր Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Քաթար: Այս ուղևորության ընթացքում Թրամփը հանդիպում է տարբեր արաբ առաջնորդների հետ, այդ թվում՝ Սիրիայի նոր նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ: Ուիթքոֆը, ուղեկցելով նախագահին, նաև հանդիպումներ է ունեցել Իրանի պաշտոնյաների հետ Օմանում:
«Կա մեծ էներգիա։ Դուք բարձրացնում եք շատ լավ կետ: Բոլորը կենտրոնացած են այս 'մեծ գործերի' վրա՝ Իրան, Ռուսաստան-Ուկրաինա և Գազա, բայց մենք իրական առաջընթաց ենք գրանցում՝ երկրներին Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին միացնելու ուղղությամբ»,–ասել է նա։
Ուիթքոֆը կարող է մեկնել Թուրքիա՝ վերահսկելու Ռուսաստան-Ուկրաինա խաղաղ բանակցությունները: Նախագահ Թրամփը նշել է, որ հնարավոր է անակնկալ այց կատարի Թուրքիա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Վիտկոֆի նախորդ հարցազրույցները անդրադարձել են այս կարևոր հակամարտություններին և նրա արձագանքներին քննադատություններին: