Հայաստանի էլեկտրական ցանցերը՝ ՀԷՑ–ը, պարտավոր է մինչև պլանային անջատում իրականացնելը նախապես զգուշացնել իրենց բաժանորդներին՝ առանց որի անջատումն անթույլատրելի է։ Այդ մասին ԱԺ–ում հայտարարեել էՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցերը որևէ պլանային անջատում իրավունք չունի իրականացնել՝ առանց նախապես բաժանորդներին զգուշացնելու։ Եթե ունենք այդպիսի փաստեր, դրանք հանձնաժողովի կողմից ենթակա են ուսումնասիրման ու տվյալ ընկերության նկատմամբ համապատասխան տույժեր կիրառելու։ Բայց քանի որ հիվանդանոցներն ու նմանատիպ կառույցները պետության մեջ համարվում են առաջին կարգի սպառողներ, ճիշտ կլինի, որ իրենք ունենան ոչ միայն երկրորդային սնուցում, այլև դիզել գեներատորներ»,-ասել է նա՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, որը վերաբերել է բուժհաստատություններում հնարավոր հոսանքազրկումներին, հայտնում է 1lurer.am-ը։
Մեսրոպյանը ընդգծել է, որ ինքը լիովին տեղեկացված է պատգամավորի կողմից բարձրացված խնդրի մանրամասների վերաբերյալ։
Ըստ Մեսրոպյանի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը չի կարող խուսափել իր սահմանված պարտականություններից, եթե պլանային անջատման մասին նախազգուշացում չի տրամադրել։
Ինչ վերաբերում է հեռահաղորդակցության ոլորտում առկա խոչընդոտներին, Մեսրոպյանը նշել է, որ չնայած հաճախ հպարտությամբ նշվում է հանրապետությունում ծածկույթի բարձր տոկոսը, դա հիմնականում վերաբերում է ընդհանուր տարածքին՝ տարբեր օպերատորների միջոցով, սակայն բոլոր օպերատորները չեն ապահովում անհրաժեշտ քանակի ալեհավաքներ կամ սարքավորումներ։
Պատգամավորը հարց է բարձրացրել միջպետական ճանապարհների որոշ հատվածներում կապի բացակայության վերաբերյալ։
ՀԾԿՀ նախագահը հավաստիացրել է, որ հարցն իրենց վերահսկողության ներքո է։
«Մեր օպերատորների հետ ունենք նման քննարկում, որպեսզի կարողանանք գալ համաձայնության՝ մեկը մյուսի սարքավորումներից օգտվելու հնարավորություն տալ, որ սովորական բաժանորդները նման խնդրի առաջ չկանգնեն։ Կփորձենք սա հասցնել իր տրամաբանական ավարտին, որովհետև նման բողոքները վերջին շրջանում էլ ավելի են սրվում»,- նշել է նա։