14 մայիսի 2025 - 18:53 AMT
«Վեդոմոստի»․ ՀՀ–ն ավելի քան 1․5 մլրդ դոլարի պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ սպառազինության ոլորտում

Հայաստանը 2022-2023 թվականների ընթացքում Հնդկաստանի հետ կնքել է ավելի քան 1․5 միլիարդ դոլարի պայմանագրեր սպառազինության ոլորտում։ Այդ մասին նշվում է Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի (ՌՄԳԽ) «Ռուս-հայկական համագործակցությունը ժամանակակից փուլում» զեկույցում, որին ծանոթացել է «Վեդոմոստին»։

Նշվում է, որ այդ ընթացքում Երևանը ստորագրել է մի շարք համաձայնագրեր՝ Հնդկաստանից ձեռք բերելու 214 մմ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 155 մմ ATAGS հրետանային կայաններ, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ZADS համակարգեր, Akash-1S հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև հակատանկային «Կոնկուրս» հրթիռային համալիրներ (արտադրվում են ռուսական լիցենզիայի հիման վրա), ականանետներ և տարբեր տեսակի զինամթերք։ Մոտ ապագայում ակնկալվում է, որ Հնդկաստանը կմատակարարի միջին հեռահարության Akash-NG հակաօդային պաշտպանության համակարգեր։

Նշվում է նաև, որ Հայաստանի մեկ այլ խոշոր ռազմական գործընկեր է Ֆրանսիան։ 2023-2024 թվականների ընթացքում Երևանը Փարիզի հետ կնքել է մոտ 250 միլիոն դոլարի պայմանագրեր՝ ներառյալ երեք GroundMaster 200 ռադարների, Mistral 3 դյուրակիր հակաօդային հրթիռային համալիրների և Caesar ինքնագնաց հրետանային կայանների մատակարարումը։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի վերջին պաշտպանական գործարքը Ռուսաստանի հետ՝ 400 միլիոն դոլարի չափով, կնքվել է դեռևս 2021 թվականին, սակայն մինչ օրս ամբողջությամբ չի իրականացվել։

Ինչպես հայտնել է Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI), 2011-2020 թվականների ընթացքում Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի զենքի ներմուծման մեջ հասել է մինչև 94%։ Սակայն արդեն 2024 թվականին այն նվազել է մինչև 10%, ինչպես հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նույն տարվա մարտին՝ հայկական հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ ՌՄԳԽ-ի հեղինակները Ռուսաստանի մասնաբաժնի նվազումը հայկական զենքի շուկայում կապում են Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով մատակարարումների հետ կապված դժվարությունների հետ։

Նշվում է նաև, որ Հայաստանում զգալի փոփոխություն է տեղի ունեցել Ռուսաստանի ընկալման մեջ. նախկինում բարեկամական երկիր համարվող Ռուսաստանը այժմ դիտարկվում է որպես «քաղաքական սպառնալիքների» աղբյուր։ 2023 թվականի դեկտեմբերին Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման համաձայն՝ այս ցուցանիշով Մոսկվան զբաղեցրել է երրորդ տեղը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետևից։ Գլխավոր պատճառներն են 2020 թվականի աշնանը տեղի ունեցած երկրորդ արցախյան պատերազմում հայկական զինված ուժերի պարտությունը և դրան հաջորդած հայ-ադրբեջանական սահմանային բախումները, որոնց ժամանակ, ըստ Երևանի, Ռուսաստանը ցուցաբերել է չափավոր արձագանք։

«Այս իրադարձությունների ֆոնին Հայաստանի ղեկավարությունը որդեգրել է արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացման ռազմավարություն՝ ուժեղացնելով կապերը արևմտյան երկրների հետ։ 2025 թվականի հունվարին Վաշինգտոնում Հայաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Փետրվարին Հայաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության օրինագիծը՝ նախատեսող Եվրամիություն անդամակցության գործընթացի մեկնարկը։

Չնայած այդ զարգացումներին՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա արդյունքներով Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է երկրի առևտրաշրջանառության ավելի քան 41%-ը (12.4 միլիարդ դոլար, որից 3.1 միլիարդը՝ հայկական արտահանում), մինչդեռ 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 37% (7.9 միլիարդ դոլար)։ 2022-2023 թվականներին ռուսական կուտակված ներդրումների ծավալը կրկնապատկվել է՝ հասնելով 4 միլիարդ դոլարի։ Սակայն, ինչպես նշվում է ՌՄԳԽ-ի զեկույցում, առևտրաշրջանառության հիմնական աճը պայմանավորված է արևմտյան որոշ ապրանքների ռուսական շուկա և ռուսական ապրանքների միջազգային շուկա արտահանումով՝ Հայաստանի տարածքով»,–ասվում է հրապարակման մեջ։

Քաղաքագետ և Կովկասի հարցերով մասնագետ Արթուր Աթաևը ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները վաղուց էին հող պատրաստում Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համար։ Նրա խոսքով, այս ռազմավարությունը երկարաժամկետ է և միտված է զենքի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացմանը և Ռուսաստանի նկատմամբ քաղաքական կախվածության նվազեցմանը։ Ֆրանսիան ևս դիտարկվում է որպես ռուսական զենքի այլընտրանքային մատակարար։ Սակայն, Աթաևի կարծիքով, Երևանը չի ցանկանում ամբողջությամբ խզել կապերը Ռուսաստանի հետ այս ոլորտում։

«Ռուսաստանի համար հայկական զենքի շուկան էական նշանակություն չունի։ Ռազմական համագործակցության շարունակությունը առավելապես կարևոր է հենց Հայաստանի համար, այլ ոչ թե Ռուսաստանի», – նշել է նա։

ՌԴ ԳԱԱ ԻՄԵՄՈ-ի Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ստանիսլավ Պրիտչինը կարծում է, որ ֆրանսիական և հնդկական զենքերը չեն կարող ամբողջությամբ փոխարինել հայկական բանակում առկա ռուսական և խորհրդային սպառազինությանը, այդ իսկ պատճառով մատակարարումների դիվերսիֆիկացման գործընթացն ավելի շատ ունի քաղաքական նշանակություն։

«Նոր զենքերը դեռ չեն արդարացրել իրենց Հայաստանում։ Իսկ ռուսական տեխնիկան պահանջում է կանոնավոր տեխնիկական սպասարկում, պահեստամասերի և զինամթերքի մատակարարում։ Հայկական զինված ուժերը դեռևս հետևում են ՀԱՊԿ ստանդարտներին, իսկ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան մնում է հայ-ռուսական համագործակցության կապող օղակ։ Հետևաբար, ռուսական մասնաբաժինը վաղ թե ուշ կվերականգնվի», — պարզաբանել է նա։

Պրիտչինն ավելացրել է, որ ներկայում Հայաստանը շարունակում է պահել իր դիրքը որպես Ռուսաստանի արտաքին առևտրի տարանցիկ հարթակ։ Այս փուլում Մոսկվան և Երևանը շահագրգռված են պահպանել այդ ձևաչափը, սակայն, եթե վերացվեն հակառուսական պատժամիջոցները կամ արգելափակվեն շրջանցման ուղիները, ապա առևտրաշրջանառության ծավալները կնվազեն և, հավանաբար, կվերադառնան 2020 թվականից առաջ եղած մակարդակին։