Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետ:
«Մեր հանձնառությունն է հնարավորինս հեշտացնել ձեր բուժօգնություն ստանալու գործընթացը, հարթել արհեստական դժվարություններ առաջացնող խնդիրները, իրազեկել առողջապահական ծրագրերի մասին»,- նշել է նախարարը:
Նա հավելել է, որ շարունակական այս հանդիպումների նպատակը տեղահանված մեր հայրենակիցների առողջապահական խնդիրների մասին հենց առաջին ձեռքից իմանալն է:
Պետական պատվերից օգտվելու, սքրինինգային ծրագրերի շահառու դառնալու, ինչպես նաև` քրոնիկական հիվանդություններ ունեցողների բուժօգնության կազմակերպման և դեղապահովման կարգի մասին մանրամասն պարզաբանումներ է տվել Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը նորից հիշեցրել է` Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալը չի զրկում պետական պատվերով տրամադրվող բուժսպասարկման հնարավորությունից:
«Քաղաքացիական ՀԱԲ» ՀԿ-ի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը կանայք բարձրացրել են հարցեր, որոնց մի մասին նախարարը տեղում տվել է լուծումներ, համապատասխան ստորաբաժանումներին` հանձնարարականներ:
Ամփոփիչ խոսքում նախարարը նշել է, որ այս պահին ֆինանսական խնդիրներ առաջացնող որոշ հարցեր լուծվելու են առողջության համապարփակ ապահովագրության ներդրմամբ:
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։