15 մայիսի 2025 - 12:19 AMT
Ինեկոբանկը, EBRD-ն և GCF-ն Լոնդոնում $15 մլն–ի պայմանագիր են կնքել կանաչ ֆինանսավորման ոլորտում

Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ԵՎԶԲ/EBRD) և Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ/ GCF) համագործակցության պայմանագիր են ստորագրել Ինեկոբանկի հետ՝ տրամադրելով բանկին մինչև 15 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում։

Համագործակցության պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ ԵՎԶԲ-ի 34-րդ ամենամյա համաժողովի և բիզնես ֆորումի ընթացքում։

Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակում Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը Ինեկոբանկին է հատկացնում 11.25 միլիոն ԱՄՆ դոլարի, իսկ Կանաչ կլիմայի հիմնադրամը՝ 3.75 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Վարկային միջոցներն ուղղվելու են դեպի կանաչ տնտեսություն անցմանն աջակցելուն։ Մասնավոր բիզնեսները հնարավորություն կստանան ներդրումներ կատարել էներգաարդյունավետ և կլիմայի փոփոխությանը դիմակայող տեխնոլոգիաներում, որոնք բարձրացնում են արտադրողականությունը և նվազեցնում ծախսերը։

Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանն իր գոհունակությունն է հայտնել Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի հետ ևս մեկ անգամ ջանքերը միավորելու և կանաչ տնտեսության զարգացմանն աջակցելու առթիվ։

«Ինեկոբանկի և ԵՎԶԲ-ի միջև ձևավորված երկարամյա և վստահելի համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս իրականացնել ծրագրեր, որոնք միտված են տնտեսության կայուն զարգացմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Ֆինանսական այս փաթեթը՝ ԿԿՀ- ի համաֆինանսավորմամբ, նոր խթան է՝ աջակցելու մեր երկրում գործող բիզնեսներին ներդրումներ կատարել կանաչ տնտեսությանը նպաստող ոլորտներում և հնարավորություն տալ ավելի շատ փոքր և միջին ձեռնարկությունների հասնել իրենց բիզնես նպատակներին կայուն զարգացման ճանապարհով»- նշել է Հայկ Ոսկանյանը։

Վարկային միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են «կանաչ նախագծերի» ֆինանսավորմանը՝ ներառյալ վերականգնվող և արևային էներգիայի կիրառմանն ուղղված լուծումները, հատուկ ուշադրություն դարձնելով կանանց հավասար հնարավորություններին այդ ծրագրերից օգտվելու հարցում։

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է մանրածախ ու կորպորատիվ բանկային ծառայություններ` ուղղված յուրաքանչյուր անհատի և բիզնեսի ֆինանսական կարիքներին: Բանկը նաև ԵՎԶԲ-ի վստահելի և երկարամյա գործընկերն է մի շարք ռազմավարական նախաձեռնություններում՝ այդ թվում կանաչ ֆինանսավորման և մասնավոր հատվածի կայուն ու նորարարական զարգացումը խթանելու ուղղությամբ։

Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը1992 թվականից ի վեր, Հայաստանում իրականացրել է ավելի քան 2,5 միլիարդ եվրոյի ներդրումներ 220-ից ավել նախագծերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում՝ կարևորելով մասնավոր հատվածի զարգացումը։