ԱԺ–ն 59 «կողմ» ձայներով արտահերթ նիստում ընդունել է իշխող ուժը ներկայացնող պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի առաջարկած նախագիծը՝ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին։
Նոր օրենքը կառավարությանը հնարավորություն է տալիս պետական ռազմական արտադրանքը տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին՝ փորձարկման և արտադրության նպատակով, հայտնում է «Առավոտը»։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հիմնավորելով նախագծի հրատապությունը, նշել է, որ մայիսին ավելի քան տասնյակ ռազմարդյունաբերական ընկերություններ պետք է ստանան զինատեսակներ՝ նոր մշակումների և փորձարկումների նպատակով։ Քանի որ կառավարության ներսում իրավական մեխանիզմների շուրջ քննարկումները ձգձգվել են, որոշվել է հարցը լուծել օրենսդրական մակարդակով՝ խորհրդարանում։
Բացի այդ, նախարար Հայրապետյանը հայտնել է, որ վերջին տարիներին նկատվում է սփյուռքի կողմից ակտիվ ներգրավվածություն թե՛ գիտահետազոտական, թե՛ արտադրական ուղղություններով։
«Սփյուռքի մեր հայրենակիցները ռազմարդյունաբերության ոլորտում մեծ ներդրումներ են արել»,- ընդգծել է Մխիթար Հայրապետյանը։
Նա նաև պատրաստակամություն է հայտնել փակ ձևաչափով պատգամավորներին տրամադրել ավելի մանրամասն տեղեկություններ ինչպես նախաձեռնության, այնպես էլ ոլորտի ընդհանուր զարգացման վերաբերյալ։
Նոր օրենքով ակնկալվում է իրական պայմաններ ստեղծել ներքին ռազմարդյունաբերության առաջխաղացման համար։ Նման փոխանցման օրինականացումը կարող է միաժամանակ բացել ներուժը և սահմանել կանոնակարգված գործընթաց։
Նախագիծը ներկայացվել է հրատապ կարգով՝ 24 ժամյա ընթացակարգով։ Ինչպես նշել է Տրդատ Սարգսյանը, ներկայում կան ընկերություններ, որոնք ունեն անհրաժեշտություն՝ ձեռք բերելու որոշակի զինատեսակներ արտադրական գործընթացում օգտագործելու համար։
Տրդատ Սարգսյանը նաև ընդգծել է, որ նախաձեռնությունը կբերի ռազմարդյունաբերական ոլորտում ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման։
Նախկինում նման օրինական մեխանիզմ գոյություն չի ունեցել։
Արտահերթ ելույթի ընթացքում Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել է, որ վերջին տարիներին ոլորտում միլիարդավոր դրամների ներդրումներ են արվել, և զարգացման տեմպերը տեսանելի են։ Միաժամանակ նա արտահայտել է իր մտահոգությունն այն առումով, որ ռազմական նշանակության ապրանքների ներքին գնումների հարցում անհրաժեշտ է ձևավորել այնպիսի մեխանիզմներ, որոնք երաշխավորեն ոլորտի կայուն զարգացումը՝ անկախ քաղաքական փոփոխություններից։
Նրա կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի ռազմարդյունաբերողները վստահ լինեն՝ երկարաժամկետ կտրվածքով կունենան պատվերներ։ Մանրամասները՝ տեսանյութում։
Նա առաջարկել է, որ ռազմական նշանակության ապրանքների ներքին գնումների համար որոշակի քվոտաների սահմանման հարց քննարկեն՝ կապված պաշտպանական ծախսերի հետ։
«Առաջարկում եմ, որ ներմուծում ու ներքին արտադրություն համամասնությունների մեջ փորձենք օրենսդրական այնպիսի կարգավորումներ դնել, որ ներդրումների շարունակականությունը ապահովված լինի երկարաժամկետ կտրվածքով»,- ասել է Արշակյանը։