Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կառավարության ճեպազրույցների սրահում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու գրառմամբ «պիժոն գյադա» չի անվանել ԱԺ-ում Լևոն Քոչարյանից բացի հայհոյանք հնչեցրած պատգամավորներ Արսեն Թորոսյանին, Վահագն Ալեքսանյանին, Անդրանիկ Քոչարյանին, ասել է, որ միայն մեկ հայհոյանք է լսել։
«Ես ԱԺ-ում լսեցի մեկ հայհոյանք»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նախարարն ասել է, որ ցանկացած մարդ, ով «իրենից ոչինչ չի ներկայացնում և պետական պաշտոնյա դառնալուց հետո կդառնա միլիարդատեր, շատ ավելի վատ գնահատականի կարժանանա, քան նախօրեին իր գրառման մեջ էր տվել»։
Արձագանքելով այն դիտարկմանը, թե նա խոսում է Արցախյան պատերազմ անցած, Արցախի նախկին նախագահի մասին՝ Գևորգ Պապոյանն ասել է․ «Արցախյան պատերազմն անցած լինելը ոչ մեկի համար արդարացում չի կարող լինել, որ նա լինի գող, կոռումպացված մարդ»։
Նախարարը հավելել է, որ եթե իր հայտարարությունների հետ որևէ մեկը պրոբլեմ ունի, կարող է գնալ դատախազությունում հակառակը ապացուցել։
Մայիսի 14–ին Ազգային ժողովում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել։ Իրավիճակը լարվել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ելույթի ժամանակ, որն ամբիոնին է մոտեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից հետո։Իրավիճակը ԱԺ–ում լարվել է։ Լևոն Քոչարյանը հեռացել է նիստերի դահլիճից։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱԺ–ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների հռետորաբանությանը, դա խայտառակություն և ամոթ է։