ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ վերջին օրերին տեղացած կարկուտը զգալի վնասներ է պատճառել գյուղատնտեսական ոլորտին, մասնավորապես՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և մի շարք այլ մարզերում։ Նա նշել է, որ արդեն այցելել է Արարատի մարզ, և նախատեսվում է այցելություններ իրականացնել նաև մյուս տուժած մարզեր։
Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս մարզպետարանների, համայնքային վարչակազմերի և նախարարությունների համատեղ աշխատանքային խմբերը զբաղված են վնասների հաշվառմամբ և գնահատմամբ, հայտնում է 1lurer.am-ը։
Ըստ նրա՝ վնասների գույքագրումն ավարտելուց հետո կառավարությունն արդեն կընդունի որոշումներ՝ քաղաքացիներին աջակցության ձևերի և ծավալների վերաբերյալ՝ գյուղատնտեսության կայուն զարգացման ընթացքը չխաթարելու նպատակով։
«Հաշվարկներ կան, բայց գյուղ կա, որ երեկ է եկել կարկուտը: Մի մարզի մի գյուղում երեկ է եղել, ընդ որում՝ գյուղի մի մասում»,– ասել է նախարարը՝ նշելով, որ գույքագրումը շարունակվում է։
Պապոյանը նաև տեղեկացրել է, որ հակակարկտային համակարգերը գործել են, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ թնդանոթային համակարգերը ոչ բոլոր ամպերի դեպքում են ունենում 100 տոկոս արդյունավետություն։ Նրա խոսքով՝ որոշ ամպերի պարագայում համակարգերը կարողանում են լիովին կանխել կարկուտը, իսկ այլ դեպքերում՝ ոչ։ Նա շեշտել է, որ բազմաթիվ անգամներ այդ կայանները կանխել են հնարավոր վնասները, գրում է 1lurer.am–ը։
«Այո՛, կրակել են՝ բացի Արարատի մարզի 1 բնակավայրից, որտեղ, մասնագետների կարծիքով, պատասխանատուների ներկայացմամբ, շատ ուժեղ անձրևային հոսք է սկզբում եղել, որի հետևանքով խնդիր է եղել սարքի աշխատանքի հետ, և սարքը չի աշխատել: Մեկ թե երկու գյուղում եղել է այդպիսի բան, Արարատի մարզ իմ այցելության ժամանակ պարզեցինք: Բայց դրա փոխարեն կողքի 63 համակարգերն ամբողջությամբ աշխատել են»,–ասել է նա։