15 մայիսի 2025 - 16:26 AMT
Նախարար․ Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է՝ մեկնելու եմ Վրաստան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով օրերս Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ հայկական կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրներին վերաբերող ցույցին, ասել է, որ որոշ հայկական բեռնատարներ, այնուամենայնիվ, անցել են Վրաստանի սահմանով, սակայն ընդհանուր խնդիրը դեռ չի կարգավորվել։

Նա ասել է, որ հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է և որ ինքը մեկնելու է Վրաստան՝ տեղում պարզելու համար, հայտնում է Aysor.am-ը։

«Պետք է հասկանանք՝ ինչն է պատճառը։ Անկեղծ լինեմ՝ պատճառները մեզ համար անհասկանալի են։ Փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել: Առաջիկայում կա նախնական պայմանավորվածություն, ես կայցելեմ Վրաստան՝ հարցերը տեղում լուծելու համար»,- ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ մինչ այս արդեն հանդիպել և բանակցել է, սակայն խնդիրը դեռ մնում է չլուծված։

Հայաստանում ալկոհոլի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվողները մայիսի 13–ին բողոքի ակցիա են իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց։ Ակցիայի մասնակիցները դժգոհում են, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար ՝ պնդելով, որ լաբորատոր ստուգումներ պետք է իրականացվեն հենց Վրաստանում։ Արդյունքում մարդիկ ստիպված են մի քանի շաբաթ կանգնել հայ-վրացական սահմանի անցակետի մոտ։