Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցչի հետ տեղի ունեցած միջադեպին և Մխչյանի դպրոցում թմրանյութերի հետ կապված միաջդեպին։
Պատասխանելով Մխչյանի դպրոցում տեղի ունեցածի մասին հարցին, երբ, ըստ գյուղի բնակիչների, բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, ու ընդհանրապես դպրոցականների շրջանում թմրանյութերի շրջանառության մասին՝ Սվաջյանն ասել է, որ բոլոր դեպքերն ուսումնասիրվում են թե իրենց, թե լիրազոր մարմինների կողմից, հայտնում է Panorama.am-ը։
«Մեզ դպրոցականների շրջանում թմրանյութերի կիրառման, շրջանառության հարցը շատ է մտահոգում։ ՆԳՆ մեր գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, քննարկում ենք մի քանի գործիքակազմեր, որոնք կարող են օգնել դպրոցներում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնենք»,- ասել է Սվաջյանը։
Որպես մեկ գործիքակազմ նա նշել է, որ նախատեսվում է ավագ և 700-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում անցակետեր տեղադրել։
Անդրադառնալով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած դեպքին, որի ժամանակ պատմության ուսուցչի հանդեպ անպատշաճ վերաբերմունք է դրսևորվել, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, մի քանի ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ` փոխնախարարն ասել է, որ անթույլատրելի ու դատապարտելի է որևէ ուսուցչի հանդեպ նման վերաբերմունքը։
«Առհասարակ, դպրոցն այն միջավայրն է, որտեղ ցանկացած տիպի բռնություն անթույլատերլի է, առավելս ևս այն անթույլատելի է ուսուցչի հանդեպ»,- ասել է նա։
Նա կարևորել է, որ ծնողները հասկանան ուսուցչի դերը երեխայի կյանքում և շեշտել է, որ ոչ ոք իրավունք չունի ուսուցչի հետ անպատշաճ վարք դրսևորել։
«Բնականաբար, դպրոցը մեր ուշադրության կենտրոնում է, բայց միայն տնօրենի պարտականությունները կատարողին այդ պարտականություններից կատարումից զրկելով հարցը չի լուծվում։ Խնդիրը շատ խորքային է, այդ երեխաները, ծնողները, որոնք հարցերը նման ձևաչափով բարձրացնում էին, մեկ օրվա արդյունք չէ։ Ռիսկ կա, որ նման իրավիճակ ունենք այլ դպրոցներում»,- նշել է փոխնախարարը։
Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ իրենք դիտարկել են ուսուցչի վարքագիծը, և տեսագրությունները վկայում են, որ ուսուցչի հասցեին հնչած սադրիչ մեկնաբանություններին նա պատասխանել է հավասարակշռված կերպով։
«Անկախ նրանից, ուսուցիչն ինչպիսի վարք դրսևորած կլինի, ուսուցչի հետ խնդիրները պարզելու ձևաչափը դա չէ։ Ամեն օր ստանում ենք բռնությունների, բուլինգի վերաբերյալ դեպքերի մասին տեղեկություններ, երբեմն նաև ուսուցիչների կողմից, բայց որևէ մեկը չի թույլատրում որևէ մեկին ուսուցչի հետ նման կերպ վարվել։ Դրա համար կան համապատասխան կառույցներ»,- ասել է Սվաջյանը։
Մխչյանի դպրոցում երեխաներին թմրանյութ տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում: ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնել է, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ):