15 մայիսի 2025 - 17:22 AMT
Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքը հանդիպել է Հռոմի նորընտիր պապին

Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ռաֆայել Պետրոս XXI-ը հանդիպել է Հռոմի նորընտիր պապ Լեո XIV-ին։ Պատրիարքը Հռոմի պապին խճանկար է նվիրել, որի վրա պատկերված է Տիրամայրը․ նա նաև մեծարվում է որպես Զմմառի Աստվածածին։ Այդ մասին տեղեկացրել է Զմմառի Հայ կաթողիկե պատրիարքական ինստիտուտի պատրիարքական փոխանորդ Մաշտոց Զահթերյանը, որը նույնպես հանդիպել է Հռոմի պապին, հայտնում է Factor.am-ը։

Մայիսի 12-14-ն ընկած ժամանակահատվածում Հռոմում տեղի է ունեցել Արևելյան Կաթողիկե եկեղեցիների հոբելյանի տոնակատարությունը, որին մասնակցություն է ցուցաբերել նաև Հայ Կաթողիկե եկեղեցին՝ ներկայացված իր համայնքի անդամներով, եպիսկոպոսներով, վարդապետներով և Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի առաջնորդությամբ։

Մայիսի 12-ին հայածես Սուրբ Պատարագ է մատուցվել Հռոմի Մարիա Մաջորե մայր տաճարի Սբ Պողոսի մատուռում: Պատարագին մասնակցել են նաև կարդինալ Կլաուդիո Գուջերոտտին, Արևելյան այլ Եկեղեցիների ներկայացուցիչ հոգևորականներ, Սուրբ Աթոռում և Իտալիայում Հայաստանի դեսպանները։