15 մայիսի 2025 - 18:12 AMT
Ալեքսանյան․ Քոչարյանն ու Սարգսյանը սարսափում են ԱԺ-ի ամբիոնի մոտ կանգ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ասել է, որ ընդդիմությունը վախենում է իր առաջնորդներից որևիցե մեկին բերի ու կանգնեցնի այս Ազգային ժողովի առաջ:

«Այս ընդդիմությունը վախենում է իր առաջնորդներից որևիցե մեկին բերի ու կանգնեցնի այս Ազգային ժողովի առաջ, որովհետև նրանք հասկանում են, որ իրենց առաջնորդներից որևէ մեկը քաղաքական առումով ի վիճակի չէ կանգնել այս խորհրդարանի առաջ, պատասխանել հարցերին ու լսել ելույթներ»,– հայտարարել է Ալեքսանյանը, հայտնում է 1lurer.am-ը։

Նրա խոսքով՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը «սարսափած են ԱԺ-ի ամբիոնի մոտ կանգնելուց»:

«Եթե նրանք գտնում են, որ այդպես չէ, թող գան, կանգնեն, բայց իրենք չեն գա: Իրենց խմբակցությունները ի վիճակի են ստորագրությունները հավաքել ու իրենց ներկայացնել այս ամբիոնի առաջ»,– նշել է պատգամավորը։

Լրագրողների ճշտող հարցին, թե ինչու են սարսափած նախկին նախագահները, պատգամավորը պարզաբանեց՝ քաղաքականությունից, պառլամենտարիզմից:

«Ռոբերտ Քոչարյանի գլխավորած թիմը մի բան է, ինքը՝ անձամբ, այլ բան: Ես ձեզ վստահեցնում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը սարսափում է»,– ասել է պատգամավորը։

Լրագրողները հարց է ուղղել նաև մայիսի 14–ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած հրմշտոցի վերաբերյալ՝ հետաքրքրվելով՝ ո՞րն է եղել«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ջղագրգիռ պահվածքի պատճառը, արդյո՞ք նախօրեին իր հորն ու ընտանիքին պատկանող սեփականության շուրջ քննարկումները:

Ալեքսանյանը պատասխանել է, որ դա պատճառներից ամենամեծն է եղել՝ որպես այդպիսին:

«Դա չի կարող այդպես չլինել, որովհետև գալ ու ԱԺ ամբիոնի առաջ ասել՝ դուք մեզ ասում էիք՝ մենք 4 միլիարդ ունենք, բայց մեզնից ընդամենը 200 միլիոն դոլար է պահանջվում այս պահի դրությամբ։

Կներեք, բայց սա ծիծաղելի է, վաղն էլ գալու են կանգնեն, ասեն՝ ասում էիք՝ Ռոբերտ Քոչարյանը սպանել է 30-40 մարդու, բայց պարզվում է՝ սպանել է ընդամենը 20-ին: Ա՞յս գիծն է շարունակվելու»,– շարունակել է Ալեքսանյանը։

Երբ նրան հարցրել են՝ արդյոք ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը վկայում է պառլամենտարիզմի առկայության մասին, պատգամավորը արձագանքել է․ «Իհարկե՝ ոչ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի որդին պառլամենտարիզմի ցցուն օրինակ չի կարող հանդիսանալ»։

Խոսելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ելույթի մասին՝ Ալեքսանյանը նշել է, որ ընդդիմադիրների սադրիչ և անհարգալից պահվածքը հաճախ բերում է նրան, որ իրենք, մարդկային բնույթով, չեն կարողանում պահի տակ զսպել իրենց։

Նախորդ օրը ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը վիճաբանել են նիստերի դահլիճում, ինչից հետո միջադեպ է սկսվել իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև։