15 մայիսի 2025 - 18:23 AMT
ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսի բացումը

Մայիսի 10-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ընթացքում 50 արտիստի պատկերազարդած հավկիթ-օդապարիկների ցուցահանդեսի բացումը։ Վաճառված աշխատանքների հասույթի մի մասը փոխանցվելու է «Հույսի կամուրջ» բարեգործական հիմնադրամին՝ անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն ընձեռելով կրթություն ստանալ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։

«Ֆեսթի հիմնական գաղափարն է ստեղծել երկխոսություն հանրության և նկարիչների միջև, նկարիչներին հանել փակ տարածքից՝ իրենց արվեստանոցային տարածքից: Բացի այդ, սա շատ շքեղ, գունավոր և վառ տոն է մեր քաղաքի համար», - նշել է արվեստագետ Էմմա Դիլանյանը:

Հավկիթ-օդապարիկներն ունեն հատուկ խորհրդանիշ՝ իրենց հետ վեր տանելու երեխաների երազանքներն ու իրագործելու դրանք։ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը նշել է, որ սա բացառիկ հնարավորություն է երեխաների համար:

«Կրկին շնորհակալ եմ, որ որոշվեց գործընկեր ընտրել «Հույսի կամուրջին»՝ հաշվի առնելով կազմակերպության ինչպես հեղինակությունը, այնպես էլ իսկապես նվիրվածությունն իր շահառուներին՝ ապահովելու նրանց համար որակյալ կրթություն, աշխատանք և արժանապատիվ կյանք», - ասել է նա:

Ցուցադրված հավկիթներն ինքնատիպ արվեստի գործեր են, որոնց միջոցով արտիստները փոխանցել են իրենց մտորումները կյանքի, խաղաղության, ազգային ավանդույթների և բազմաթիվ այլ թեմաների մասին:

«Fastex-ն ուրախ է աջակցել նմանօրինակ իրադարձություններին, որոնք ոչ միայն մշակութային նշանակություն ունեն, այլև սոցիալական կարևորագույն խնդիր են լուծում»,–ասվում է հաղորդագրության մեջ։