Անվտանգության աշխատակցի անչափահասին հարվածելու առնչությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն ասել է, որ հանձնված նյութերն ուսումնասիրվել են, սակայն վարույթ սկսելու հիմք չեն հանդիսացել, հայտնում է Factor.am-ը։
Մայիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստանի գավաթի եզրափակչից հետո, որում միմյանց հետ մրցել են «Նոա» և «Արարատ-Արմենիա» ակումբները, «Thor» անվտանգության ծառայության ներկայացուցիչը ապտակել է խաղադաշտ ներխուժած մի երկրպագուի։ Տարածված տեսանյութում երևում է միայն այդ պահը։ Հայտնի է, որ երկրպագուն անչափահաս է եղել։
«Ներկայացված հաղորդումը չի պարունակում որևէ փաստական տվյալ առերևույթ հանցանքի մասին: Քրեական վարույթ չի նախաձեռնվել»,– ասել է ՔԿ խոսնակը։
Երբ լրագրողները նկատել են, որ տեսանյութում ակնհայտորեն երևում է ապտակի պահը, խոսնակը որևէ հավելյալ պարզաբանում չի ներկայացրել։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտել է միջադեպը՝ այն անթույլատրելի և անընդունելի համարելով։