15 մայիսի 2025 - 18:36 AMT
«Հաղթանակ» այգուց սեփականաշնորհված տարածքը չի վերադարձվել պետությանը․ նոր սեփականատերը որոշել է կառուցապատել

Երևանի ամենամեծ այգիներից մեկից՝ «Հաղթանակ» զբոսայգուց ապօրինի սեփականաշնորհված տարածքը չվերադարձվեց պետությանը։ Տարիներ առաջ այգու տարածքից 6900 քմ ծառապատ հողամասը ապօրինի օտարվել էր ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի մերձավորներին, ապա վաճառվել «Ռիդ» ՍՊԸ-ի սեփականատեր Ռուբեն Գրիգորյանին, հայտնում է «Հետքը»։

Գլխավոր դատախազությունը 2023 թ.-ից վարչական դատարանում փորձում էր հողամասը վերադարձնել պետությանը, սակայն ապարդյուն։ Առաջին ատյանի, Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների որոշումներով դատախազության հայցը մնացել է առանց քննության։ Դատավարությանը զուգահեռ Քննչական կոմիտեում զբոսայգու հողամասը օտարելու փաստի առթիվ դատախազության ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Հողամասի նոր սեփականատերը՝ Ռուբեն Գրիգորյանին պատկանող «Ռիդ» ՍՊԸ-ն, մի քանի ամիս է՝ փորձում է հողակտորում կառուցապատում սկսել։ Սակայն շինարարության թույլտվություն քաղաքապետարանից դեռ չի ստացել։ Ավելին, դժգոհ է, որ Երևանի քաղաքապետարանը թույլտվություն չի տրամադրում։ Ծառապատ տարածքը 2019 թ.-ին Ռուբեն Գրիգորյանը գնել և ցանկապատել է։

Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից «Հետքը» տեղեկացել է, որ հողամասի սեփականաշնորհման հանգամանքները պարզելու նպատակով ՔԿ-ում շարունակվում է քրեական վարույթի նախաքննությունը։ Բացի այդ, դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում դատարան դիմելու համար նոր հայց են նախապատրաստում։ Առաջիկայում նոր դատական գործընթաց կնախաձեռնվի։