ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով ԱԺ հայտարարության նախագիծը։ ՔՊ-ականները բացասական եզրակացություն են տվել նախագծին։
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով հանձնաժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներին, ասել է, որ իրենք բոլոր հաղթանակները, որոնք հայությունն ունեցել է, ստորադասելու տրամաբանության մեջ են աշխատում և որ «Իրական Հայաստանի» համար սպառնալիք են համարում հայկական և հաղթանակ բառերը, հայտնում է Panorama.am-ը։
«Դուք անընդհատ ասում եք՝ այս հայտարարությունն անկախ Հայաստանի շահերից չի բխում, իրականում անկախ Հայաստան ասածը դուք պատկերացնում եք ձեր նոր թեզը՝ «իրական Հայաստանը», իսկ «իրական Հայաստանի» համար սպառնալիք եք համարում հայկական և հաղթանակ բառերը։ Այս երկու բառերը չեք կարողանում իրար հետ կապնել։
Դուք բոլոր հաղթանակները, որոնք հայությունն ունեցել է, ստորադասելու տրամաբանության մեջ եք աշխատում։ Դուք պարտություններով պետք է կերտեք «իրական Հայաստանը», ինչն էլ անում եք։ Պարտություն պարտության հետևից բերում եք, ժողովորդին մատուցում եք, որ մեծ հաջողություն է»,–ասել է նա։
Նա նշել է, որ քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները, և պետք է, որ «այդ գիծն ավելի բացահայտ դառնա հայ ժողովրդի համար»։
«Զորահանդես էինք անում Ստեփանակերտում։ Հիմա դուք «Ստեփանակերտ» անունը կտա՞ք։ Չէ, «Խանքենդի» կասեք։ Այս ձևով ո՞ւր եք տանում այս ժողովրդին, ինչու եք խաբում, որ իրենց բերում եք ապագա։ Ի՞նչ ապագա, թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ նվաստացած և անվտանգությունն ամբողջությամբ հանձնած ապագա կա՞»,–ասել է Ռուստամյանը։