15 մայիսի 2025 - 18:59 AMT
Պեսկով․ Ուկրաինայի ներկայացուցիչները դեռ չեն ժամանել Ստամբուլի բանակցություններին

Ստամբուլում նախատեսված բանակցությունների վայրում Ուկրաինայի ներկայացուցիչները դեռ չեն հայտնվել, սակայն, ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, վերջնաժամկետի մասին խոսելը դեռ վաղ է։

«Մինչ այժմ ուկրաինացիներ չկան, և անհայտ է՝ կհայտնվեն, թե ոչ... Եկեք չշտապենք, ես պարզապես ներկայացնում եմ ներկա իրավիճակը», — ասել է Պեսկովը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ՌԻԱ Նովոստի»-ին իրազեկ աղբյուրը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի են ունենալու կեսօրից հետո, նույն վայրում, որտեղ 2022 թվականին էին հանդիպել կողմերը՝ Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի գրասենյակում, Ստամբուլի կենտրոնում։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրան միացել են նաև Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցելու բանակցություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը ժամանել էր Թուրքիա, հայտարարել էր, որ կբանակցի միայն Պուտինի հետ։

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան լրջորեն տրամադրված է գտնել երկարաժամկետ խաղաղ կարգավորման ուղիներ։ Նրա խոսքով՝ առաջարկվող բանակցությունների նպատակն է՝ վերացնել հակամարտության արմատները և պաշտպանել Ռուսաստանի շահերը։

Մոսկվայի պահանջները ներառում են ուկրաինական զորքերի դուրսբերումը չորս մասամբ գրավված տարածքներից, դրանց միացման պաշտոնական ճանաչումը, Ղրիմի՝ որպես Ռուսաստանի մաս ճանաչումը, ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարումը և ռուսերեն լեզվի ու եկեղեցու իրավասությունների վերականգնումը։

ԱՄՆ հատուկ դեսպան Քիթ Քելլոգը X-ում արձագանքել է. «Ինչպես նախագահ Թրամփը բազմիցս ասել է՝ դադարեցրեք սպանությունները։ Նախ՝ անբեկանելի 30-օրյա հրադադար և դրան ընթացքում՝ համապարփակ խաղաղ բանակցություննե, ոչ թե հակառակը»։

Photo. Ria Novosti