16 մայիսի 2025 - 11:52 AMT
Գյումրու ավագանու 4 խմբակցություն աջակցություն է հայտնել լրագրող Լիլիթ Աղեկյանին

Գյումրու ավագանու 4 խմբակցություն հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն լրագրող Լիլիթ Աղեկյանի։

Հայտարարությունը ստորագրել են «Հայաստանի կոմունիստական» կուսակցությունը, «Մեր քաղաքը» դաշինքը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։ Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել լրագրողին։

Հայտարարության մեջ ասված է. «Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կամայական կալանքի և խոշտանգման ու վատ վերաբերմունքի վերաբերյալ։

Սույն հայտարարության նպատակն է անհապաղ ուշադրություն հրավիրել Հայաստանում գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի խորապես մտահոգիչ գործի վրա, ով վերջերս ենթարկվել է սպառնալիքների, բռնության և իր հիմնարար իրավունքների լուրջ խախտումների, որոնք մատնանշում են, որ դրանք վրեժ են իր մասնագիտական գործունեության համար»։

Ըստ հայտարարության՝ Աղեկյանն ակտիվորեն լուսաբանել է Շիրակի մարզի իշխանությունների հետ կապված մի շարք կոռուպցիոն գործեր, օգնել է բացահայտել այլ հանցագործություններ։

«2025 թվականի մայիսի 8-ին երեկոյան մեծ թվով ոստիկանական ուժեր ժամանել են Լիլիթ Աղեկյանի բնակարան առանց պատշաճ հիմնավորման, արգելանքի տակ վերցնելու վերաբերյալ որոշման ներկայացման և բռնության գործադրմամբ, գիշերային հագուստով, անձնական հիգիենայի կանոնների խախտմամբ Լիլիթ Աղեկյանին տարել են ոստիկանություն։ Այս միջամտության ընթացքում խախտվել են նաև Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքները, ինչն ունեցել է լուրջ բացասական ազդեցություն նրա առողջության և հոգեկան վիճակի վրա, որի արդյունքում նրան ստիպված են եղել հոսպիտալացնել»։

Նշվում է, որ մոտ երեսուն (30) ժամ անընդմեջ ոստիկանները Լիլիթ Աղեկյանին տեղափոխել են մեկ վայրից մեկ այլ վայր (ոստիկանության «Կումայրիի» բաժին, ՀՀ Շիրակի մարզի քննչական կոմիտե, Գյումրու ոստիկանության «Մուշի» ՁՊՎ, «Գյումրի» ԲԿ, դատարան, կրկին ՁՊՎ, հետո կրկին դատարան, հետո «Աբովյան» ՔԿՀ):

«Լիլիթ Աղեկյանի նկատմամբ անցկացվել է փակ դատական նիստ, առանց իր կողմից հրավիրված (նախընտրած) փաստաբանի: Դատարանը որոշել է նրան կալանավորել մեկ (1) ամսով:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանի որոշումը Լիլիթ Աղեկյանին մեկ (1) ամսով կալանավորելու վերաբերյալ լուրջ հարցեր է առաջացնում ընտրողական հետապնդման ու քաղաքական նկատառումներով և իրավունքի գերակայությունը կոպիտ խախտելու հարցում:

Սա և նմանատիպ այլ գործընթացներ բացասաբար են անդրադառնում Գյումրի քաղաքի հեղինակության վրա՝ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները կատարելու և ներդրումային մթնոլորտը բարելավելու հարցում:

Լիլիթ Աղեկյանի նկատմամբ դատական ակտը ցույց է տալիս, որ Հայաստանը բաց է թողել կարևոր հնարավորություն՝ փոխելու ուղղությունը և լրջությունը ցույց տալու խոսքի ազատության ու մարդու իրավունքների առաջխաղացման գործում։

Լիլիթ Աղեկյանի դեպքն աղաղակում է, որ նա հակամարդկային համակարգի զոհ է, մի համակարգի, որը չի կարողացել պահպանել օրենքի գերակայությունը քաղաքական քմահաճույքների և պատվերի նկատմամբ:

Մենք մտահոգված ենք լուրջ դատավարական խախտումների վերաբերյալ փաստագրված և հրապարակված ապացույցների առկայության պայմաններում` ՀՀ ՆԳՆ, ՀՀ դատախազության, ՀՀ ՄԻՊ և ՀՀ ԱԱԾ կրավորական կեցվածքներով: Մարդուն խոշտանգելը և նվաստացնելը խաթարում է հայ ազգի հեղինակությունը որպես ցեղասպանության դեմ պայքարին նվիրված ազգ»։,–ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրած ուժերը դատապարտել են ՀՀ Շիրակի մարզում կոռուպցիայի դեմ պայքարող մարդկանց, այլակարծիք, խոսքի ազատությունից օգտվող քաղաքացիների հետապնդումը, մենք պահանջում ենք օրենքի և դատական անկախության նկատմամբ հարգանքի մթնոլորտի ստեղծում:

«Մենք պահանջում ենք.

•Ապահովել տիկին Աղեկյանի անհապաղ և անվերապահ ազատ արձակումը.

•Երաշխավորել նրա ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը.

•Հարգել փաստաբան ընտրելու Լիլիթ Աղեկյանի իրավունքը և ապահովել արդար ու հրապարակային դատական գործընթաց:

Մեր այս պահանջն ուղղում ենք Հայաստանում գործող պետական պաշտոնյաներին և մեր միջազգային գործընկերներին, ովքեր կիսում են մեր դավանած արժեքները»,–ասվում է հայտարարության մեջ։