Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտարարել է, որ որոշել է հրաժարական ներկայացնել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա հայտնել է, որ որոշել է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին։
«Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեցի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, և այդ օրվանից սկսվեց յոթամյա խելահեղ ճամփորդություն՝ լի դժվարություններով, փորձություններով, խոչընդոտներով, բայց միևնույն ժամանակ արժեքավոր նվաճումներով, հաղթանակներով ու ձեռքբերումներով։ Անցած յոթ տարիները կարող եմ բնութագրել որպես կյանքիս ամենակարևոր շրջան, որը մեծապես կերտեց ինձ որպես անհատ, քաղաքացի ու ղեկավար, մի շրջան, երբ ինչպես գտա, այնպես էլ կորցրեցի շատ բան։ Նվաճումների մասին՝ որպես համայնքի ղեկավար, անհամեստ եմ համարում նշել, քանի որ կարծում եմ, որ ղեկավարի մասին պետք է խոսի գործը։ Այս յոթ տարիների ընթացքում մեր համայնքը վերափոխվեց բոլորիս աչքի առաջ, կատարվեց հսկայական աշխատանք, որը տեսնելու համար հերիք է պարզապես մտովի տեղափոխվել նախահեղափոխական Էջմիածին։
Կորուստների մասին․ այս յոթ տարիների ընթացքում ամենամեծ կորուստս եղել է ժամանակը, որ կարող էի տրամադրել ընտանիքիս ու հարազատներիս, բայց զբաղվածության բերումով տրամադրել եմ աշխատանքին։ Կարծում եմ՝ եկել է պահը, երբ պետք է ընտրություն կատարեմ իմ ամբողջ ժամանակն ու ներուժը նորաստեղծ ընտանիքիս ու մանկահասակ երեխայիս տրամադրելու և համայնքի ղեկավարի ծանր պարտականությունները կատարելու միջև։
Դժվար որոշում եմ կայացրել կյանքիս այս փուլում ինձ նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, երեխայիս դաստիարակությանը, ընտանիքիս ընդլայնմանը, հետևաբար առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայքնի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավաի պաշտոնը»,–ասվում է գրառման մեջ։
Նա շնորհակալություն է հայտնել իր քաղաքական թիմին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «2018 թվականին այն անփորձ աղջկան վստահելու և այս յոթ տարիների ընթացքում նրա կողքին լինելու համար»։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Դիանա Գասպարյանի հրաժարականին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում, ասել է, որ Վաղարշապատի քաղաքապետն իր հրաժարականի մասին հայտարարելիս բացատրություն է տվել, և ինքը հավելելու ոչինչ չունի, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա հրաժարվել է մեկնաբանել նաև Գասպարյանի մասնակցությունը մայիսի 15-ին կայացած ՔՊ վարչության նիստին՝ նշելով, որ ինքը վարչության անդամ չէ, և նիստերի վերաբերյալ տարածվում են պաշտոնական հաղորդագրություններ։
Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, թե Վաղարշապատի քաղաքապետը կադաստրային արժեքից ցածր հողեր է վաճառել կամ գործարքներ է իրականացրել ընտանիքի անդամների հետ, Հովհաննիսյանը ընդգծեց, որ չի ցանկանում մեկնաբանել, նշելով, որ «մամուլը բազմագույն է»։