16 մայիսի 2025 - 16:03 AMT
ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել

Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ և Իրանի միջև համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ է մտել։ Փաստաթուղթը նախատեսում է զգալիորեն նվազեցնել ԵԱՏՄ երկրներից Իրան արտահանվող ապրանքների մաքսային մուտքի միջին տուրքի չափը՝ 20 տոկոսից մինչև 4.5 տոկոս։

Համաձայնագիրը ամրագրում է կողմերի փոխադարձ պարտավորությունները՝ տրամադրելով արտոնյալ մուտք ամբողջ ապրանքային անվանացանկի 90 տոկոսի համար՝ ստեղծելով նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության խորացման համար, գրում է «Վզգլյադը»։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանխատեսմամբ՝ մոտակա տարիներին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 12 միլիարդ դոլարի, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ ցուցանիշները։

Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը։ Բացի այդ՝ Ռուսաստանն ու Իրանը հայտնել են պատրաստակամություն շարունակելու համագործակցությունը՝ ստեղծելով նոր ցամաքային գազատար ուղիներ երկու երկրների միջև։