ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատասխանելով այն հարցին, թե խմբակցությունում քննարկվե՞լ է արդյոք ԱԺ նիստերի դահլիճում Լևոն Քոչարյանի պահվածքի վերաբերյալ հարցը, ասել է, որ ՔՊ-ական պատգամավորները թիրախավորել են Լևոն Քոչարյանին և ամեն առիթ օգտագործում են նրա անունն անհարկի նշելու, մեղադրելու։
Նա հավելել է, որ զայրույթից բռնկված է ասել Լևոն Քոչարյանն այդ խոսքը և որ մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել, հայտնում է Aysor.am-ը։
«Լևոն Քոչարյանը շատ հանգիստ ելույթ ունեցավ, արտահայտեց իր տեսակետը և պատասխանեց այն անտեղի գործողություններին, որոնք վերջին շրջանում հրահրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում էր, թե դուք կգնաք ԱԱԾ-ի պադվալներ, ԱԺ պատգամավորներին «համբալ» անվանեց, ԱԺ ղեկավարն էր մեր կին պատգամավորին ասում, թե քեզ դուրս կշպրտեմ։ Դա խոսույթ է, որն անթույլատրելի է զուտ մարդկային հարաբերություններում, անթույլատրելի է նաև երկրի ղեկավարներին։ Իրենք անձնական օրինակով դա հրահրել են։
Կարծում եմ, որ զայրույթից բռնկված է եղել Լևոն Քոչարյանի այդ խոսքը, ինքն իրավիճակից ելնելով համարժեք գործողություն է իրականացրել։ Կարծում եմ, որ Լևոն Քոչարյանի հետ զրույցներ կունենանք։ Այն իրողությունը, որն այսօր տիրում է ԱԺ-ում, այն սադրանքները, որոնք իրենք իրականացնում են քանակից ելնելով, ոհմակային տրամադրությամբ, անընդունելի են»,-ասել է Սեյրան Օհանյանը։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր հերթին ասել է, որ, երբ իր թիմակից Արսեն Թորոսյանն ասել է, որ քաղաքական վենդետա լինելու է, նկատի է ունեցել, որ մինչև վերջ իրականացնելու են իրենց քաղաքական հանձնառությունները։
«Դրանց արդյունքում, այո, այդ մարդիկ (նկատի ունի ընդդիմադիրներին-հեղ.) քաղաքականապես վերանալու են»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Նա ընդգծել է, որ լիովին համակարծիք է իր գործընկերոջ ասածների հետ։
Հարցին՝ իսկ չի՞ կարծում, որ Արսեն Թորոսյանի նկատմամբ էլ պետք է վենդետա լինի՝ պատասխանել է, թե անիմաստ է համարում մեկնաբանել հարցը։
«Հարցադրումը որևէ հիմնավորում չի կարող ունենալ, որովհետև քաղաքական վենդետա ու, առհասարակ, վենդետա են իրականացնում այն մարդկանց նկատմամբ, որոնք մեղավորություն ունեն ու անունները, որ համեմատում եք, ընդհանրապես համեմատելու չեն»,–ասել է նա։
Ըստ ՔՊ-ականի՝ Արսեն Թորոսյանն իրենց հետ հավասար պայքարում է ՀՀ անկախության ու ինքնիշխանության համար ու պայքարում է այն մարդկանց դեմ, որոնց մասին խոսել է։
«Հետևաբար, խնդրում եմ՝ չխառնեք մարդկանց անուններն ու վարքը։ Դուք Լևոն Քոչարյանի բառամթերքը համեմատում եք Արսեն Թորոսյանի բառամթերքի հե՞տ։ Լևոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք՝ իր ողջ պերճանքով ու դրան եղել է պատասխան»,- հավելել է նա։
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը վիճաբանել են նիստերի դահլիճում, ինչից հետո միջադեպ է սկսվել իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև, քաշքշուկ է տեղի ունեցել։