Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը արձագանքել է ՊՆ ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի ղեկավարԱրծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին Ստալինգրադի ճակատամարտի վերաբերյալ, որոնք նա հնչեցրել է Հանրայինի եթերում ՝ բաց նամակով դիմելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Նամակում դեսպանը նախ շնորհավորել է նախարարին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ, ապա նշել, որ Արծրուն Հովհաննիսյանի «կեղծ և պիղծ հայտարարությունները, փաստացի, արդարացրնում էին ֆաշիստական Գերմանիայի ագրեսիան»։
Դեսպանը շեշտել է, որ այդ ամենը հնչել է երկրի գլխավոր հեռուստաալիքի եթերում։
«Հայ ժողովրդի կողմից Հաղթանակի օրվա հանդեպ խորը հարգանքի և Մայիսի 9–ի միջոցառումներին ակտիվ մասնակցության ֆոնին մեծ վրդովմունք են առաջացրել ՀՀ ՊՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի պատմականորեն կեղծ և պիղծ հայտարարությունները, որոնք, փաստացի, արդարացրել են ֆաշիստական Գերմանիայի ագրեսիան և հնչել են երկրի գլխավոր հեռուստաալիքով։
Հատկապես ցավալի էր նման հայտարարություններ լսել մի մարդու շուրթերից, ով այժմ ղեկավարում է ՀՀ ՊՆ Ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը, որը կրում է Հայրենական մեծ պատերազմի անվանի հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս Մարշալ Բաղրամյանի անունը։
Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ, որոնք կանխեցին ԽՍՀՄ ժողովուրդներին ստրկացնելու և ոչնչացնելու Հիտլերի ծրագրերը, ինչպես նաև փրկեցին մարդկությանը «շագանակագույն ժանտախտից»»,- ասվում է դեսպան Կոպիրկինի նամակում։
Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում միֆ էր անվանել այն պնդումը, թե Ստալինգրադի ճակատամարտում ԽՍՀՄ-ի հաղթանակը Հայաստանին փրկել է թուրքական ներխուժումից: Նա հավելել է, որ Գերմանիան ֆաշիստական չէր, ընդամենը նացիստական էր, իսկ Երկրորդ համաշխարհայինում հաղթանակը հնարավոր դարձավ ԱՄՆ-ի լենդ-լիզի և երկրորդ ճակատի բացման շնորհիվ։