16 մայիսի 2025 - 14:13 AMT
Օհանյան․ Ադրբեջանը փորձում է սահմանին լարվածություն ստեղծել, գնահատականը պետք է տա պետությունը

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է, որ սահմանային իրավիճակը վերջին շրջանում բավականին լարված է, որն արտահայտվում է հրաձգությամբ, ընդ որում, այդ հրաձգությունը տեղի է ունենում միայն Ադրբեջանի կողմից։ Բացի այդ՝ նաև ապատեղեկատվություն են տարածում, ինչը նշանակում է, որ իրենք հենք են ստեղծում՝շարունակաբար ազդելու հայկական կողմի վրա։

Նա ընդգծել է, որ հասել ենք մի իրավիճակի, որ հանցագործ կողմը՝ Ադրբեջանը, հայտնվել է մեղադրողի դերում և փորձում է հայկական կողմին դարձնել մեղադրյալ, ճնշումները շարունակել, հայտնում է «Փաստինֆոն»։

«Դրա գնահատականը պետք է տա պետությունը՝ ԱԽ-ն և ՊՆ-ն, պատասխանները պետք է համարժեք լինեն։ Գիտեք, որ նախկինում պարտադրողի դերում հայկական կողմն էր միշտ, բայց ՀՀ ԱԽ-ն, անվտանգային համակարգը լուրջ հետևություններ պետք է անի։

Նպատակը մեկն է՝ սահմանը լարված պահել, այդ լարվածությամբ նաև ազդել հայկական կողմի վրա, բացահայտել նաև հայկական կողմից պատրաստակամություն և շարունակական դարձնել այն ճնշումները և պարտադրումները, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ «խաղաղության» օրակարգի իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ։

Այսօր մենք խորությամբ չեն տիրապետում, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հատկապես՝ խաղաղության ենթատեքստի ներքո, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից այդ ճնշումների հռետորաբանությունը չի պակասում, այն, ինչ տեսանելի է Բաքվում՝ շինծու դատավարությամբ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների դեմ, Բաքուն փորձում է իր ձեռքի տակ ունեցած տեղեկություններով հիմք ստեղծել՝ դատապարտելու հայկական կողմին»,- նշել է Օհանյանը։

Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։