ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակչից հետո տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ Խաղադաշտ ներխուժածի նկատմամբ բռնություն կիրառած անձն այլևս չի կարող անվտանգություն ապահովել։ Նա այդ մասին գրել է Տելեգրամի իր էջում։
«Ֆուտբոլային խաղի ժամանակ դաշտ ներխուժած երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառած անձը, իմ խորին համոզմամբ, այլևս տեղ չի կարող ունենալ ոչ մի խաղի ժամանակ անվտանգության իրականացնելու համար՝ անկախ նրանից, թե ինչն է եղել պատճառը: Մարդը, ով հանրային անվտանգությանբ է զբաղվում, ունի նման պատասխանատվություն, կա՛մ պետք է տիրապետի իր մասնագիտական պարտականություններին, կա՛մ պատասխանատվություն կրի, և, կրկնեմ, իմ խորին համոզմամբ, այս դեպքը պետք է ունենա իր կոնկրետ հետևանքները»,- շեշտել է ԱԺ նախագահը։
Մայիսի 13-ին կայացած Հայաստանի գավաթի եզրափակչի ընթացքում արձանագրվել է միջադեպ։ Անվտանգության ապահովման համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային պահնորդական ծառայություն մատուցող անձանցից մեկը անհամաչափ ուժ էր կիրառել անչափահաս երեխայի նկատմամբ, որը խաղի ավարտին մտել էր խաղադաշտ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խիստ դատապարտել էր նման վարքագիծը և այն համարել անընդունելի: