16 մայիսի 2025 - 15:18 AMT
ԵԽ ղեկավարը խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներ կունենա Երևանի և Բաքվի հետ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն քննարկումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի հետ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ։

Նա այդ մասին ասել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում, հայտնում է Արմենպրեսը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ քննարկումները շատ կարևոր են։ Հաջորդ ամիս ես քննարկումներ կունենամ և Հայաստանի, և Ադրբեջանի հետ։ Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի կայացնենք հնարավոր լավագույն որոշումները տարածաշրջանի կայունության համար»,- ասել է Բերսեն։

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովի ընթացքում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Արմենպրեսը։

«Ես եղել եմ Ադրբեջանում, իսկ այստեղ (խմբ․ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում) կհանդիպեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-նշել է Կալասը՝ հավելելով, որ առաջիկայում կայցելի նաև Հայաստան։

Եվրամիությունը դիվանագիտության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։

«Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Կարծում եմ՝ բոլորի շահերից է բխում, որ նրանք ստորագրեն այս խաղաղության համաձայնագիրը, ինչի արդյունքում ևս մեկ հակամարտություն կպակասի»,-ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ հերթական գագաթնաժողովին։