16 մայիսի 2025 - 15:27 AMT
ԱՆ-ն զգուշացնում է՝ թունաքիմիկատների հետ աշխատելիս խստորեն պահպանեl անվտանգության կանոնները

Առողջապահության նախարարությունը հիշեցրել է, որ հողագործական աշխատանքներ կատարելիս շատ կարևոր է հետևել թունաքիմիկատների օգտագործման անվտանգության կանոններին՝ թունավորման ռիսկերը նվազեցնելու համար։

Թունաքիմիկատների ձեռքբերման դեպքում անհրաժեշտ է.

  1. Ուշադիր կարդալ պիտակի վրա նշված տեղեկությունները՝ օգտագործման եղանակի, թույլատրելի չափաքանակների և անհրաժեշտության դեպքում՝ առաջին օգնության քայլերի վերաբերյալ։
  2. Խուսափել այնպիսի թունաքիմիկատների ձեռքբերումից, որոնք չունեն պիտակ կամ դրանց տեղեկությունները գրված են անհասկանալի լեզվով։

Օգտագործման ընթացքում կարևոր է.

Օգտագործումից հետո, նախքան ուտելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը, ձեռքերը և դեմքը լվանալ օճառով։

Թունաքիմիկատների հետ շփման հետևանքով կեղտոտված մաշկը և հագուստը լվանալ առատ ջրով և օճառով։

Անպայման կրել անհատական պաշտպանիչ միջոցներ՝ այդ թվում՝ հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոցներ, պաշտպանիչ ակնոց և երկարաճիտ կոշիկներ։

Թունաքիմիկատներով աղտոտված հագուստները լվանալ և պահել առօրյա հագուստից առանձին։

Թունավոր նյութերը չպահել սննդամթերքի տարաներում։

Պահել դրանք գործարանային սրվակներում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ապահովել նախազգուշացնող պիտակներով։

Թունաքիմիկատների խառնուրդները պատրաստել միայն լավ օդափոխվող վայրերում։

Խստիվ արգելվում է փչել սրսկիչ սարքի խցանված ծայրադիրի մեջ։

Քանի որ գրանցվում են երեխաների թունավորման դեպքեր՝ ծնողների անուշադրության պատճառով, նախարարությունը կոչ է արել.

Թունավոր նյութերը պահել բարձր տեղերում, իրենց բնօրինակ փաթեթավորմամբ և փակվող արկղերում։

Չպահել թունաքիմիկատներն այնտեղ, որտեղ երեխաները կարող են մոտենալ։

«Հիշեցվել է՝ ծնողների անտեղյակությունն ու անզգուշությունը կարող են առաջացնել անդառնալի վնասներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։