16 մայիսի 2025 - 15:38 AMT
Ջալալ Հարությունյանը հրաժարվել է պաշտպաններից՝ նրանց մեղադրելով ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ

44-օրյա պատերազմի ընթացքում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու քրեական գործի վերաքննիչ նիստում մայիսի 16–ին Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը հրաժարվել է իր պաշտպաններից՝ հայտարարելով, որ նրանք պրոֆեսիոնալ չեն գործել, իրեն սխալ են ուղղորդել, նրանց խորհրդով համաձայնել է փորձագետների չհարցաքննելուն, համաձայնել է վկայի ցուցմունքի հիման վրա փորձաքննություն չնշանակելուն և այլն, և այլն։

Նա բացարկի միջնորդություն է ներկայացրել նաև հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանին՝ նշելով, որ նա անկողմնակալ չէ, զոհվածների ծնողների և հարազատների հետ ողջագուրվում է։ Նիստին պաշտպանները ներկա չեն եղել, հայտնում է Panorama.am-ը։

«Մենք ստացել ենք Հարությունյանից ծանուցում, որ հրաժարվում է մեզանից, դրա մասին էլ դատարանին հայտնել ենք, որևէ այլ բան չունենք հայտարարելու»,-ասել է Ջալալ Հարությունյանի արդեն նախկին պաշտպաններից Էդգար Այվազյանը։

Այվազյանը հրաժարվել է մեկնաբանել Հարությունյանի հայտարարությունները՝ իրենց մասնագիտական որակների վերաբերյալ։ Նա չի պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք այս որոշումը փոխադարձ համաձայնությամբ է կայացվել, թե իրենց համար անակնկալ է եղել։

Տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը Pկարծիք է հայտնել, որ Ջալալ Հարությունյանը նման քայլի է դիմել միտումնավոր՝ նպատակ ունենալով դատական գործընթացը ձգձգել մինչև վաղեմության ժամկետի լրանալը, որը նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 12-ին։

«Միանշանակ միտումնավոր քայլ է, նպատակը ժամանակ ձգձգելն է, որպեսզի վաղեմության ժամկետը լրանա»,- ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ անսպասելի է եղել Ջալալ Հարությունյանի վիրավորական բնորոշումը իր պաշտպաններին, որոնք, ըստ Սիմոնյանի, բարձր մասնագիտական որակներ ունեն։

«Հատկանշական է, եթե նախկին պաշտպաններին նա նման բացասական բնութագրումներ է տալիս, ինչո՞ւ չի հրաժարվում նրանց ներկայացրած բողոքից։ Եթե վատն են, ոչ պրոֆեսիոնալ են, ո՞նց են քննարկելու այդ բողոքը։ Սա էլ խոսում է այն մասին, որ քայլը միտումնավոր է արված»,- նշել է Սիմոնյանը՝ չբացառելով, որ Հարությունյանը և նրա նախկին պաշտպանները այս հարցում կարող են պայմանավորվածություն ունենալ։

Վերաքննիչ դատարանը ընդունել է Ջալալ Հարությունյանի միջնորդությունը և հետաձգել նիստը երկու շաբաթով։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին։

«Հույս ունեմ՝ իրենց չի հաջողվի հասնել վաղեմության ժամկետի ավարտին։ Լավ, իրավական առումով հաջողվեց հասնել դրան, բա բարոյակա՞ն առումով։ Գոնե ինքը լավ գիտի իր արածը»,- ասել է Լիպարիտ Սիմոնյանը։

Ընդհանուր իրավասության դատարանը գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել պատերազմի ընթացքում զինվորական ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունքի համար և դատապարտել է նրան հինգ տարի վեց ամիս ազատազրկման։ Այս վճիռը բողոքարկել են թե՛ նրա պաշտպանները, թե՛ տուժողների իրավահաջորդները։ Վերջիններս պահանջում են առավելագույն պատիժ՝ ութ տարվա ազատազրկում։ Պաշտպանական կողմը, իր հերթին, պահանջել է արդարացնել Հարությունյանին։

«Ցոր» զորամասի հրետանավորներից 11-ի մարմինները հայտնաբերվել են միայն 2021 թվականի նոյեմբերի 2-ին՝ Մարտունու շրջանի Կարմիր շուկայի խաչմերուկում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ փոխանցված հայկական կողմին։ Այդ զինծառայողները ավելի քան մեկ տարի համարվել են անհետ կորած։