Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար և դեսպան Վասիլիս Մարագոսին։ Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքների լուծման ուղղությամբ Կառավարության կողմից ձեռնարկված քայլերը։
Այս առնչությամբ փոխվարչապետը հատուկ ընդգծել է, թե որքան կարևոր է եղել Եվրոպական միության աջակցությունը հումանիտար խնդիրների հաղթահարման գործում։
Երկարաժամկետ կարիքներին վերաբերվող հարցերում կողմերը կարևորել են միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության շարունակական զարգացումը՝ կենսականության ապահովման և զբաղվածության խթանման նպատակով արդյունավետ ծրագրերի ձևավորման և իրականացման շրջանակում։
Քննարկվել են նաև առկա երկկողմ համագործակցության գործնական ձևերը և դրա ընդլայնման հնարավոր ուղիները։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։