17 մայիսի 2025 - 10:25 AMT
Մակրոնը Փաշինյանի հետ հանդիպմանը ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը խաղաղ գործընթացին

Տիրանայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Զրուցակիցներն ընդգծել են հայ-ֆրանսիական հարաբերությունների ակտիվ զարգացումը՝ մատնանշելով, որ բարձր մակարդակի շփումները և կառուցողական քաղաքական երկխոսությունը նպաստել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ընդլայնմանը։

Հատուկ շեշտվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ ընդգծելով անհրաժեշտ շարունակական և համառ քայլերի իրականացումը։

Մակրոնն իր խոսքում ընդգծել է. «Ֆրանսիան վճռականորեն աջակցում է խաղաղ գործընթացին՝ նշելով, որ կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունեն ընդհանուր տարածաշրջանային համագործակցության համար»:

Նրանք անդրադարձ են կատարել երկկողմ կապերի օրակարգին վերաբերող մի շարք հարցերի, ինչպես նաև դիտարկել են տարածաշրջանային ու միջազգային գործընթացները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարության բարեփոխումների օրակարգի առաջմղման հարցերին։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: