17 մայիսի 2025 - 13:01 AMT
Կարկուտի առավել ռիսկային համայնքներում 75% փոխհատուցում կլինի, մյուսներին կտրամադրվի 50%

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 16-ին այցելություն է կատարել Արմավիրի մարզի Արգինա համայնք՝ հանդիպելու կարկուտից տուժած գյուղացիների հետ և անձամբ գնահատելու իրավիճակը։ Հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը մանրամասն ներկայացրել է Ինտենսիվ այգեգործության ծրագրում տեղի ունեցած փոփոխությունները։

Հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը բնակիչներին է ներկայացրել Ինտենսիվ այգեգործության ծրագրում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ 0.5֊3 հա ինտենսիվ և խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում ծախսերը կփոխհատուցվեն 50֊75 տոկոսի չափով։

Կարկուտի առավել ռիսկային համայնքներում փոխհատուցման չափը պահպանվել է 75 տոկոս, իսկ մնացած բնակավայրերի համար սահմանվել է 50 տոկոս փոխհատուցում։ Անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ծրագրին և պետական աջակցության մյուս ծրագրերին։

Վերջին շրջանում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությամբ զբաղվողներին։