17 մայիսի 2025 - 14:07 AMT
«Եվրատեսիլի» ժամանակ իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին. Համայնքը վրդովված է

Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Այդ մասին ասվում է Երուսաղեմի Save the ArQ (Փրկե՛ք հայկական թաղամասը) շարժման նախաձեռնող խմբի X-ի էջում։

«Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին։ Survivor (Պարգի երգի անվանումն է, թարգմանաբար՝ փրկված. խմբ․)` սա այն է, ինչ մենք զգում ենք այս երգը լսելուց հետո»,- ասել է հաղորդավարը «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո, հայտնում է Sputnik Արմենիան։

Շարժման տարածած հայտարարության մեջ նշված է, որ սա անհանգստացնող, անհիմն, ռասիստական և վիրավորական հայտարարություն է, որը թիրախավորում է Երուսաղեմի պատմական, կրոնական և մշակութային կառուցվածքի անբաժանելի մասը կազմող հին համայնքին։

«Նախևառաջ մենք ցանկանում ենք պարզաբանել, որ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին չի «տրվել»։ Այն կառուցվել, պահպանվել և մշակվել է դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից, որը պահպանել է իր անխափան ներկայությունը Սուրբ Երկրում և Երուսաղեմում ավելի քան 1600 տարի։ Այս ներկայությունը համաշխարհային ճանաչում ունի և յուրօրինակ ներդրում է քաղաքի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարությունում նաև շեշտվել է, որ Հին քաղաքի չորս հիմնական թաղամասերից մեկը հանդիսացող հայկական թաղամասը հնուց ի վեր խորհրդանշել է տարբեր համայնքների ու կրոնների միջև խաղաղ համակեցություն ու համագործակցություն։

«Մենք թույլ չենք տա հեռարձակողներին կամ որևէ այլ կողմի՝ խաթարելու պատմական ճշմարտությունը կամ արատավորելու ամբողջ համայնքի և ազգի արժանապատվությունը»,- շեշտվում է հայտարարության մեջ։

SavetheArQ նախաձեռնությունը դիմել է Իսրայելի հանրային հեռարձակողին՝ կոչ անելով հրապարակայնորեն հերքել հաղորդավարի հայտարարությունը և պաշտոնապես ներողություն խնդրել Երուսաղեմի հայկական համայնքից։